Ակադեմիական քաղաքի կառուցման համար որպես հիմնական տեղամաս ընտրվել է Երևանի 17-րդ թաղամասը։ Կառավարության հունվարի 4-ի նիստում չզեկուցվող հարցերի շարքում ընդունվեց քաղաքի ստեղծման համար Երևանի 17-րդ թաղամասի, ինչպես նաև Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու վերաբերյալ որոշման նախագիծը։
Ինչպես նշվում է հիմնավորման մեջ «Հայաստանի Հանրապետության վարչապետի մոտ 2023 թվականի հուլիսի 13-ին կայացած՝ «Ակադեմիական քաղաք» հայեցակարգի մասին խորհրդակցության N Վ/148-2023 արձանագրության 3-րդ կետի 2)-րդ ենթակետից, որի համաձայն տրվել է հանձնարարական՝ ներկայացնել որոշման նախագիծ՝ քաղ. Երևան, 17 թաղամասը և Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքը «Ակադեմիական քաղաք» հիմնադրամին (այսուհետ՝ Հիմնադրամ) փոխանցելու նպատակով՝ ըստ անհրաժեշտության համայնքային պատկանելության և ոչ պետական պատկանելության այլ տարածքները հանրային գերակա շահ ճանաչելու հիմքով: »
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ակադեմիական քաղաքի կարևորությունն ու հրատապությունը կապում է որակյալ բարձրագույն կրթության և հետազոտության համար արդիական միջավայր ստեղծելու անհրաժեշտությամբ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ կրթությունն ու հետազոտությունը տնտեսական կայուն և առաջընթաց զարգացման նախապայման են։
Հիմնավորման մեջ նշվում է, որ նշված որոշումը «կնպաստի «Ակադեմիական քաղաք» ծրագրի արդյունավետ իրականացմանը՝ ենթակառուցվածքների կառուցման և շահագործման համար հնարավորություն ստեղծելով։»
Կինոստուդիայի տարածքը համարվում է պահեստային տարածք, այնուամենայնիվ անհասկանալի է, թե ի՞նչ կապ ունի այս ամենի հետ Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիան, որը չի հանդիսանում ոչ կրթական, ոչ էլ հետազոտական կենտրոն: Նույնիսկ կինոթատրոնների մասնավորեցման ընթացքում նշվում էր ոլորտային պրոֆիլի պահպանության պահանջը, իսկ այժմ պետական կառույցները պատրաստում են վերապրոֆիլավորել կինոոլորտին մնացած միակ խոշոր պետական կառույցը:
Հունվարի 9-ին Սերգեյ Փարաջանովի արձանի բացման կապակցությամբ ԿԳՄՍ-ի կողմից հրապարակված հաղորդագրությունան մեջ ընդգծվում էր, որ «Ի նշանավորումն Փարաջանովի արվեստի` նոր հրապարակը (Կինոյի տան դիմացի, – խմբ) կխորհրդանշի հայկական կինոյի զարգացումը և կդառնա հանրության սիրելի վայրերից մեկը»:
Չնայած իշխող կուսակցության կողմից կինոարդյունաբերության զարգացման կարևորության բազմաթիվ ընդգծումներին, իրականում զարգացման գլխավոր բաղադրիչներից մեկը փոխանցում են այլ նպատակների: Մի կողմից ընդունվում է «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքը, որտեղ հստակեցվում է պետական աջակցության ձևերը ոլորտին, որպես աջակցող ենթակառուցվածքների ստեղծումը և զարգացումը ու արտադրական և տեխնիկական անհրաժեշտ պայմանների ապահովումը, մյուս կողմից պետական կինոստուդիան տրամադրվում է այլ ոլորտի ենթակառուցվածքների կառուցման և շահագործման հնարավորություն ստեղծելու համար:
«ԿինոՊրես»-ը նոյեմբերին գրել էր, որ սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 10-ը հանրային քննարկման էր հանվել «Պետական գույքի կառավարման 2024-2026 թվականների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որտեղ առաջարկվում էր ՓԲԸ-ն մասնավորեցնել/լուծարել: Այդ կապակցությամբ «ԿինոՊրեսը» ենթադրել էր, որ Կառավարությունը ցանկանում է լուծարել կինոստուդիան, որը ընդգրկված է «Ակադեմիական քաղաք» ծրագրի մեջ, որպես պահեստային տարածք (միևնույն ժամանակ դուրս չի բերվել մասնավորեցման ցանկից):
Դեկտեմբերի 24-ին Առաջին ալիքը անդրադարձ կատարեց հայկինոյի ճակատագրին և «Հայֆիլմ» կինոստուդիային:
2015 թվականի օգոստոսի 31-ին «Հայֆիլմի» գույքը վերադարձվեց պետությանը, սակայն մոտ 10 տարի ՀՀ Կառավարության կողմից, ի դեմս Պետական գույքի կառավարման կոմիտեի, չիրականացվեց ոչ մի տնտեսական նախագիծ, որը կնպաստեր կինոստուդիայի և ոլորտի զարգացմանը: Փոխարենը, ինչպես նշում է Վարդանյանը, տարածքներ էին հանձնվում: Միակ ոլորտին նպաստող դեպքը տեղի էր ունեցել 2018 թվականին, երբ կինոստուդիայի տարածքը տրամադրվեց «Կինոկետ Փրոդաքչնս» ՍՊԸ-ին, այն էլ ավարտվեց դատական գործով, որի արդյունքում Համո Բեկնազարյանի «Հայֆիլմ» կինոստուդիան ստիպված էր վճարել 4.131.357 ՀՀ դրամ ՍՊԸ-ին: Վերջերս կինոստուդիայի «բեմում» իրականացվել էին ռուս ռեփեր Ջիգանի, ռեյվ համերգներ, իսկ այս շաբաթ կայանալու է Կարեն Թամրազյանի (նույն ինքը VNAS) համերգը: Միաժամանակ կինոստուդիան ունի գոյացած պարտք և «հսկայական միջոցների» անհրաժեշտություն: Թեև այդ անհրաժեշտությունը անիրագործելի է կինոստուդիայի համար, այն իրագործելի է ավելի ծավալուն Ակադեմիական քաղաք կոչվելու դեպքում: Սա առանց չափազանցության Պետական գույքի կառավարման կատարված աշխատանքն է: