Խորհրդային Միության փլուզումից հետո Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիան, ինչպես և այլ կազմակերպությունները բախվեցին դաժան իրականությանը, սակայն կինոարտադրությունը, ի տարերություն կինեմատոգրաֆիայի այլ բնագավառների շարունակում էր գոյատևել: Ինչ-ինչ պատճառներով (հնացած կառույց, հնամաշ տեխնիկա) Հայաստանի Հանրապետության Կառավարությունը որոշում կատարեց մասնավորեցնել միակ աշխատող պետական կինոհաստատությունը խոստանալով զարգացում: Հայ կինոյի 100-այմակի տարեթվին Հայաստանի Հանրապետության դատախազությունը օգոստոսի 7-ին ներկայացրեց Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիայի մասնավորեցման գործարքից Հայաստանի Հանրապետությանը հասցված վնասի վերաբերյալ տեղեկությունը:
Քչերը գիտեն, որ 1992 թվականից «Հայֆիլմ» կինոստուդիայի կազմում գործում էր նաև Կիևյան փողոցի վրա գտնվող «Հրազդան» կինոթատրոնը, որը հիմնականում ցուցադրում էր կինոստուդիայի կողմից արտադրված ֆիլմերը: Կինոթատրոնը ապրում էր սեփական գումարներով և «Հայֆիլմ» կինոստուդիայի աջակցությամբ: Համաձայն 1998 աուդիտի՝ «Հրազդանը» գործում էր մինչև 1998 թ: Վերջին տարիներին նա դարձավ ընտրական շտաբ Ռ. Քոչարյանի համար, իսկ հետո փակվեց վերանորոգման ու այդպես էլ երբեք չվերադարձավ: Այսօր Կիևյան 8 հասցեում գործւոմ են «Յունիբանկը» և «ՄԱՊ» ընկերությունները:
2000-ների սկզբում շատ էր խոսվում կինոարվեստի ոլորտի համակարգման անհրաժեշտության մասին: Ու պետական ապարատը շատ լավ գիտակցում էր իրավիճակը: Դրա մասին փաստում է 2002 թվականի հուլիսի 4-ի Կառավարության արձանագրության քաղվածքի այս հատվածը՝
«Պետական կինոկազմակերպությունների տնտհաշվարկային կինոձեռնարկությունների վերակազմակերպմամբ կինոարվեստի բնագավառում 90-ական թվականների սկզբներին վերացվեց պետական մենաշնորհը` առանց բնագավառը անհրաժեշտ օրենսդրական ակտերով ապահովելու, որի հետևանքով անհնարին պիտի լիներ Հայաստանի Հանրապետությունում քաղաքակիրթ կինոշուկայի ստեղծումն ու ձևավորումը, պետական աջակցության ցուցաբերումը: Սա հանգեցրեց արտասահմանյան ցածրորակ կինոնկարների յուրօրինակ «արշավի» և կինոարվեստի նկատմամբ հանդիսատեսի հետաքրքրության նվազման: Եվ մինչ հայրենական կինոարտադրանքի համար կստեղծվեին բարենպաստ պայմաններ և նա կմտներ կինոշուկա, կինոարվեստի բնագավառում ի հայտ եկան մի շարք բացասական երևույթներ.
ա) արտադրվող կինոնկարների քանակի կրճատում.
բ) կինոթատրոնների խաղացանկի կառուցվածքային փոփոխություն և կինոթատրոններում հայրենական կինոնկարների ցուցադրության նվազում.
գ) կինոցանցի արդիականացման մեջ տնտեսական շահագրգռվածության բացակայություն, որը հանգեցրեց միջազգային չափանիշների համեմատությամբ կինոցուցադրման և կինովարձույթի տեխնոլոգիական պայմանների անկման, ծառայությունների որակի և հանդիսատեսի հետաքրքրության նվազման, որի դեպքում առավել շահավետ էր կինոթատրոններն օգտագործել որպես առևտրի սրահներ կամ տոնավաճառներ.
դ) կինոցանցի կառուցվածքային համակարգի փլուզում:»
Ամբողջական նյութը հնարավոր է կարդալ այստեղ:
Այս մեջբերումը կարևոր է հիշել, քանի որ բոլոր ոտնձգությունները կինեմատոգրաֆիայի հանդեպ արվում էին 90-նների պատկերացումներով և կարծրատիպերով: Խոսելով կինոարդունաբերության զարգացման մասին արվում էր հակառակը՝ փակվում էին կինոթատրոնները, կինոտեսավարձույթի հիմնարկները, մասնավորեցման էր հանվում «Հայֆիլմ» կիոստուդիան: Բայց այդպես էլ անհայտ է մնում, թե ի՞նչ եղավ Երևանի «Հրազդան» կինոթատրոնի հետ, որը մասնավորեցման գործարկում արդեն բացակայում էր:
2005 թվականի ապրիլի 21-ին Կառավարության 727-Ա որոշումով Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիայի գույքի օտարման մրցույթ էր նախաձեռնում:
Ըստ որոշման պետական գրանցում ստանալու օրվանից առնվազն 50 տարի ժամկետով կազմակերպությունը պարտավորեցվում էր զբաղվել կինոարտադրությամբ և դրանից բխող գործունեությամբ՝ օգտագործելով «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» պետական ոչ առևտրային կազմակերպության ապրանքային նշանը, որը ուղղակի վաճառքի ձևով վաճառվում էր մրցույթում հաղթած կազմակերպությանը:
Ամբողջական որոշումը հանվել է բաց հասանելիություն ապահովող Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգից: Ծանոթանալ որոշման հետ կարող եք այստեղ:
2005 թվականի օգոստոսի 10-ին ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունում տեղի է ունեցել «Հայֆիլմ» կինոստուդիայի սեփականաշնորհման մրցույթ, որում մասնակցության հայտ էր ներկայացրել մեկ ընկերություն՝ «Արմենիա Ստուդիոս», որի հիմնական բաժնետերը Գաֆէսճեան ընտանիքի հիմնադրամն էր։ Մրցութային հայտը ներկայացրել էր Բագրատ Սարգսյանը, որը 1997 թվականին հիմնադրել էր «Արմենիա» հեռուստաընկերությունը, որի համահիմնադիրն էր նաև Ջերարդ Գաֆեսճյանը։
Կինոստուդիան ձեռք բերելու համար ընկերությունն առաջարկում էր 350 մլն դրամ՝ մեկնարկային 266 մլն դրամի փոխարեն, ինչպես նաև պարտավորվում էր 10 տարվա ընթացքում կինոստուդիաի զարգացման համար ներդնել ՀՀ կառավարության կողմից հաստատված 30 մլրդ դրամը։ Ընկերության նպատակն էր կարճ ժամանակում «Հայֆիլմը» դարձնել տարածաշրջանի ժամանակակից կինոստուդիաներից մեկը։ Դրա համար պետք էր կապիտալ վերանորոգում և տեխնիկական վերազինում։
Լինելով մրցույթում մասնակցող միակ ընկերությունը «Արմենիա Ստուդիոսը» հաղթում է։ Հայաստանի Հանրապետության և «Արմենիա Ստուդիոս» ՓԲԸ-ի միջև 2005 թվականի սեպտեմբերի 14-ին կնքված թիվ 321-Օ պայմանագրով՝ ՓԲ ընկերությանն են օտարվել Երևան քաղաքի Չաուշի 50 հասցեում գտնվող 24 հազար 292.6 քմ մակերեսով շենք-շինությունները և կինոբեմադրական միջոցները։
Պայմանագրի համաձայն՝ «Արմենիա Ստուդիոս» ՓԲԸ-ի կողմից ստանձնած պարտավորությունները փոխանցվել են 2005 թվականի սեպտեմբերի 4-ին հիմնադրված «Սի-Էս Ֆիլմս» ՓԲԸ-ին, որը 2008 թվականի հոկտեմբերի 10-ին վերանվանվել է «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» ՓԲԸ-ի։
Համաձայն 321-Օ պայմանագրի՝ նախատեսված էր 2 ներդրումային փուլ, որից մեկը իրավական հարցերի լուծումն էր, իսկ մյուսը կինոստուդիայի գույքի վերանորոգումը, տեխնիկական վերազինումը և ֆիլմաֆոնդի թվայնացումը:
Այս մասում հարկավոր է շեշտադրում կատարել՝ «ֆիլմաֆոնդի թվայնացում» հասկացությունը ոչ մի պարզաբանում չէր պարունակում: Բացակայում էին տեխնիկական հատկանիշները և պահանջները: Բացի այդ չէր նախատեսվում ֆիլմերի վերականգնումը, սակայն աշխատանքները ոտը «Սի-Էս Ֆիլմս» ընկերությունը այնուամենայնիվ արեց, Մշակույթի նախարության հանձնաժողովը եզրակացրեց, որ դա խոտան է: Ընկերությունը պարտավորված էր թվայնացումը իրականացնել երեք տարվա ընթացքում և հանձնել արխիվային օրինակ:
Ֆիլմաֆոնդի թվայնացման մեկնարկից անմիջապես հետո՝ 2007 թ. դեկտեմբերի 17-ին կնքվում է 60 մլն դրամ արժողությամբ ենթալիցենզային պայմանագիր «Կարեն Ստուդիա» ՍՊ ընկերության հետ, որով տրամադրվում է «ֆիլմերը DVD-ների վրա արտադրելու իրավունք»: Ֆիլմերը տրամադրվում են ընկերությանը 15 տարով ԱՊՀ, Վրաստան և Բալթյան երկրների տարածաշրջանում իրացնելու թույլատվությամբ:
Նախքան մասնավորեցումը 2002 թվականին «Հայֆիլմ» կինոստուդիայի արտադրության ֆիլմերի իրացման իրավունքը փոխանցվել էր կիպրոսյան Widnes Enterprises Limited ընկերություն, որը ներկայանում էր RUSCICO անվանումով: Այդ ընկերությանը տրվել էր ֆիլմերի իրացման իրավունք ամբողջ աշխարհում, բացառությամբ Հայաստանի ու որոշ դեպքերում ԱՄՆ-ի: Մասնավորեցումից հետո ԱՊՀ տարածաշրջանը (ներառյալ Ռուսաստանի Դաշնության տարածքը) հանձնվեց «Կարեն Ստուդիոս» ընկերությանը: 2008 թվականին RUSCICO-ն Ռուսաստանի Դաշնությունում ֆիլմերը իրացնելու թույլտվության պայմանագիր է կապում «ԷթնոՍթարս Փրոդաքշն» ընկերության հետ:
3 տարի «Հայֆիլմ» կինոստուդիա ՓԲԸ-ին պատկանելուց հետո 2018 թվականին ֆիլմաֆոնդի տնօրինման իրավունքը Մշակույթի նախարարությունը փոխանցում է «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը, որը հանդիսանում է «Հայֆիլմ» կինոստւոդիայի իրավահաջորդը:
Հարցականի տակ է մնում «Կարեն Ստուդիոսի» պայմանագրի ճակատագիրը:
Հայաստանում տարածվում էին նաև DVD-ներ «Parseghian Video» մակագրով: Այս ընկերությունը իր գործունեությունը վարում է ԱՄՆ-ի տարածքում, սակայն 2015 թվականի վերադարձի փաստաթղթերում այս ընկերության մասին տեղեկությունը բացակայում է:
Վերադառնալով 321-Օ պայմանագրի արժեքին հարկ է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ պայմանագրում շեշտադրվում է 10 մլրդ ՀՀ դրամը և 10 տարի ժամկետը: Հարց է առաջանում՝ իսկ 20 մլրդ ՀՀ դրամը ի՞նչ հիմունքներով պետք է ներդրվեր: Հարցի պատասխանը հենց 727-Ա որոշման և պայմանագրի մեջ է՝ «Ներդրողը իր ողջամիտ և անկախ գնահատմամբ, կներդնի մինչև 20 մլրդ ՀՀ դրամ լրացուցիչ միջոցներ, հաշվի առնելով կազմակերպության տեխնիկական հնարավորությունները և շուկայական պայմանները»: Այսինքն Կառավարության որոշման մեջ արդեն իսկ պարտավորությունը դառնում էր առաջարկ: Միևնույն ժամանակ հարց է ծագում, ի՞նչ «ողջամիտ և անկախ» հիմնավորումներ է ներկայացրել «Սի-Էս Ֆիլմս» ընկերությունը այս ներդրումը չկատարելու համար:
Համաձայն դատախազության տարածված նյութի՝ 2006-2009 թվականների ընթացքում «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» ՓԲԸ-ի կողմից կատարվել է 748 մլն դրամի ներդրում, իսկ 2010-2011 թվականների համար ներկայացվել է հաշվետվություն, որը չի ունեցել պատշաճ հիմնավորումներ։ Պետական գույքի կառավարման կոմիտեն բազմաթիվ գրություններով դիմել է ներդրողին լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու համար, որը չի կատարվել։ Չի կատարվել ու մնացել անպատիժ: Հարց է առաջանում, եթե 2006-2009 թվականներին արդեն իսկ ակնհայտ էր, որ ներդրումային ծրագիրը չի իրագործվում և կազմակերպությունը նման կերպ է իրեն դռսեվորում ապա ինչո՞ւ միջոցներ չեն ձեռնարկվել, ինչո՞ւ վերադարձի հարցը ավելի շուտ չի առաջացել:
2010 թվականին Արմենպրեսը հրապարակում է «Իրականացվում է «Հայֆիլմ»-ում կատարվելիք ներդրումային ծրագրերի վերլուծություն» վերնագրով հոդված, որում ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արտյուշա Շահբազյանը նկատեց, որ «Հայֆիլմ»-ի սեփականատերը չի կատարում իր պարտավորությունները, որի արդյունքում կանգ է առել հայկական կինոարտադրությունը: Այս կապակցությամբ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը նշեց, որ դա այդպես չէ, եւ Հայաստանի ազգային կինոկենտրոնը շարունակում է տարեկան մեծ քանակով ֆիլմեր արտադրել: Բացի այդ նախարարը կապեց «Հայֆիլմ» կինոստուդիայի զարգացման ծրագիրը «Կասկադ» համալիրի զարգացման ծրագրի հետ:
«Այսպիսով, շուրջ 10 տարվա ընթացքում «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» ՓԲԸ-ի կողմից ստանձնած պարտավորությունների չնչին մասի կատարման կամ չկատարման պայմաններում՝ Պետական գույքի կառավարման կոմիտեի պաշտոնատար անձինք ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով որևէ միջոց չեն ձեռնարկել ՓԲԸ-ի կողմից պայմանագրով սահմանված ներդրումային պարտավորության չկատարված չափի մասով երաշխիք տվողին 10 մլն ԱՄՆ դոլարի պահանջ ներկայացնելու ուղղությամբ, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է 10 մլն ԱՄՆ դոլարի վնաս», – ասվում է դատախազության հաղորդման մեջ:
2013 թվականին 88 տարեկանում կյանքից հեռանում է Ջերարդ Գաֆեսճյանը։
Արմենպրեսի հաղորդմամբ 2015 թվականի «մարտի 31-ին ՀՀ վարչապետին է դիմել «Հայֆիլմ կինոստուդիա» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Խաչատուր Ցոկոլակյանը, հայտնելով, որ համաձայն ՀՀ և «Արմենիա Ստուդիոս» ՓԲԸ-ի միջև 2005թ.-ի սեպտեմբերի 14-ին ստորագրած պայմանագրի, ընկերության կողմից իրականցվել են պայմանագրով պահանջվող ներդրումները: Մասնավորապես, մեծ ներդրումներ են կատարվել ֆիլմադարանի թվայնացման աշխատանքներում, և, լիազորված լինելով ընկերության բաժնետերերի կողմից, Ցոկոլակյանն առաջարկել է Հայֆիլմի բաժնետոմսերը ետ վերադարձնել պետությանը՝ խնդրելով ՀՀ կառավարությանը լուծել ՀՀ-ի և «Արմենիա Ստուդիոս» ՓԲԸ-ի միջև 2005թ.-ի սեպտեմբերի 14-ին ստորագրած պայմանագիրը` Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ կինոստուդիա» ՊՈԱԿ-ին ամրացված գույքն օտարելու մասին, փոխհատուցել Հայֆիլմի բաժնետերերին՝ ընկերությունում իրականացված սկզբնական ներդրումների չափով, ինչպես նախատեսված է պայմանագրով, նշելով, որ Հայֆիլմի բաժնետոմսերի այդպիսի փոխանցումը ՀՀ կառավարությանը կհանգեցնի բոլոր լիցենզիաների և ոչ նյութական ակտիվների փոխանցմանը իրավասու պետական մարմինների»:
Այդ կապակցությամբ ՀՀ մշակույթի նախարարության կողմից իրականացվել է «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» ՓԲԸ-ին հանձնված կինոբեմադրական միջոցների և տեխնիկական միջոցների ուսումնասիրություն, որի վերաբերյալ կազմվել են եզրակացություններ: Ըստ ներկայացված եզրակացությունների՝ թատերական դեկորացիաները (կանանց և տղամարդկանց զգեստապահարանը (զգեստները)) մաշված, քրքրված են և օգտագործման համար պիտանի չեն, կահույքը հիմնականում կոտրված, մասնատված է, բեմական, բեմադրական պահեստից՝ 142 անուն (1092 հատ) կինոբեմադրական միջոցներից (ռեկվիզիտներից) առկա չեն 35 անուն (165 հատ) կինոբեմադրական միջոցներ:
Այս արձանագրությունը հաստատում է նաև դատախազության հաղորդագրությունը «2005-2016 թվականներին անհայտ անձանց կողմից հափշտակվել են «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» ՓԲԸ-ի հաշվեկշռում գտնվող պատմամշակութային արժեք հանդիսացող 2 մլն 658 հազար 220 դրամ նախնական արժեքով բեմական իրեր և տեխնիկական միջոցներ»:
Պետք է հստակ հասկանալ, որ բոլոր գումարները դա ինքնարժեքն է, որը սահմանվել էր դեռ 1993 և 1995 թվականներին, որի վերանայումը չի իրականացվել:
Չնայած Մշակույթի նախարարության արձանագրությանը Կառավարությունը հիմք ընդունելով Հայֆիլմ ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի գրությամբ ներկայացված առաջարկությունները` նախապատրաստվել և ընդունվել է ՀՀ կառավարության 2005 թվականի ապրիլի 21-ի թիվ 727-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու, ՀՀ և «Արմենիա Ստուդիոս» փակ բաժնետիրական ընկերության միջև 2005 թվականի սեպտեմբերի 14-ին կնքած թիվ 321-Օ պայմանագիրը լուծելու, լուծման հիմքով ծագող պարտավորությունները կատարելու ՀՀ կառավարության որոշման նախագիծը:
Արդյունքում, Կառավարության 2015 թվականի օգոստոսի 31-ի 1050-Ա որոշմամբ լուծվել է 2005 թվականի սեպտեմբերի 14-ին կնքված պայմանագիրը, պայմանագրով սահմանված գույքի արժեքը՝ 350 մլն դրամը պետության կողմից վերադարձվել է գնորդին, իսկ «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» ՓԲԸ-ի 100 տոկոս բաժնետոմսերը գրանցվել են որպես ՀՀ սեփականություն։
2017 թվականին հունիսին ԱԺ-ն քննարկում է տասնյակ բժշկական, կրթական հիմնարկներ և «Հայֆիլմ» կինոստուդիաի հերթական մասնավորեցումը: Հարցը Նաիրա Զոհրաբյանի ասելով «90 րոպեում ուզում եք սղացնեք, անցկացնեք»:
2018 թվականի օգոստոսին Հայաստանի կինոգործիչների միությունում տեղի էր ունեցել հանդիպում Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի և Պետական գույքի կոմիտեի ղեկավար Նարեկ Բաբայանի հետ։ Ըստ Պետական գույքի կառավարման կոմիտեի պաշտոնական կայքի՝
«Քննարկման մասնակիցներն անդրադարձան նաև կինոստուդիայի՝ 2005թ. մասնավորեցման պատմությանը, հիշեցնելով, որ մամուլում բազմաթիվ հրապարակումներ են եղել, որոնք կասկածի տակ էին առնում գործարքի օրինականությունը, առաջարկելով այդ հարցերով դիմել իրավապահ մարմիններին»։
Սակայն Պետական գույքի կառավարման կոմիտեն այդպես էլ չդիմեց իրավապահ մարմիններին և անտեսեց մտավախությունները:
2018 թվականի նոյեմբերի 16-ին «Սպուտնիկ Արմենիա» պարբերականը հրապարակում է «Մանվել Գրիգորյանի ավտոտնակի մի քանի ավտոմեքենաները «Հայֆիլմին» էին պատկանում» վերնագրով հոդված, որտեղ ներկայացվում է հարցազրույց լեգենդար կինոօպերատոր Լևոն Աթոյանցի հետ, ով տարիներ շարունակ բարձրաձայնում էր «Հայֆիլմ» կինոստուդիայի հանդեպ տեղի ունեցած անարդարության պատմությունը:
«Երբ ցույց տվեցին Մանվել Գրիգորյանի ավտոտնակը, ես մեր մեքենաներից երեք-չորսը ճանաչեցի։ «Պոբեդան» մերն էր, «ԶԻՄ»–ը, խորհրդային ռազմական «Վիլլիսը»։ Եվս մեկ մեքենա հաստատ մեր ավտոտնակից էր»
Լևոն Աթոյանց
Նոյեմբերի 5-ին ԱԺ-ում 2019 թ.-ի պետական բյուջեի նախագծի քննարկմանը ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը առաջարկություն է ներկայացրել «Հայֆիլմ»-ը պետական գույքի կառավարման կոմիտեից տեղափոխել իրենց տիրույթ:
Նա նշում էր, որ «Հայֆիլմ»-ի տնօրինությունը հետագա զարգացման, այդ թվում՝ ներդրումային նախագիծ էր պլանավորում: «Սակայն այս պահին չգիտենք, թե այն ինչ փուլում է: Բայց համաձայն եմ, որ այստեղ խնդիր ունենք»,-եզրափակեց Մակունցը:
2019 թվականին մարտին Կառավարության նիստում քննարկման է հանվում «Կինոկետ Փրոդաքշնս» ընկերության հետ վարձակալություն գործարքը: Նախատեսվում էր 15 տարվա շահագործում և վերականգնում: Սակայն այս գործարքը ավարտվում է դատական գործով, որում դատարանը վճռեց՝
«ԿԻՆՈԿԵՏ ՓՐՈԴԱՔՇՆՍ» ՍՊԸ-ի հայցն ընդդեմ ՀԱՄՈ ԲԵԿՆԱԶԱՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ <<ՀԱՅՖԻԼՄ>> ԿԻՆՈՍՏՈՒԴԻԱ ՓԲԸ-ի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, բավարարել: ՀԱՄՈ ԲԵԿՆԱԶԱՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ <<ՀԱՅՖԻԼՄ>> ԿԻՆՈՍՏՈՒԴԻԱ ՓԲԸ-ից հօգուտ «ԿԻՆՈԿԵՏ ՓՐՈԴԱՔՇՆՍ» ՍՊԸ-ի բռնագանձել՝ 4.131.357 ՀՀ դրամ, որից՝ 3.920.000 ՀՀ դրամ գումարը, որպես չվերադարձված փոխառության գումար, 211.357 ՀՀ դրամը՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսների գումար: ՀԱՄՈ ԲԵԿՆԱԶԱՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ <<ՀԱՅՖԻԼՄ>> ԿԻՆՈՍՏՈՒԴԻԱ ՓԲԸ-ից հօգուտ «ԿԻՆՈԿԵՏ ՓՐՈԴԱՔՇՆՍ» ՍՊԸ-ի բռնագանձել՝ 83000 ՀՀ դրամ, որպես նախապես վճարված պետական տուրքի գումար: Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով՝ պարտապանի հաշվին: Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից տասնհինգօրյա ժամկետում և կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան հրապարակման օրվանից տասնհինգօրյա ժամկետում:
2019 թվականի հունիսին ԱԺ-ում քննարկվում է «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքը, որի ընթացքում ելույթ է ունենում կինոստուդիայի տնօրեն Դավիթ Կարապետյանը:
2023 թվականի հունվարի 26-ին Պետական գույքի կառավարման կոմիտեում տեղի ունեցավ «Հայֆիլմ» կինոստուդիայի արտահերթ ժողովը։
2023 թվականի մարտի 25-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Աշտարակ և Պռոշյան համայնքների միջնամասից ուղիղ եթեր է դուրս գալիս և հայտնում հանրությանը՝ «Այս հատվածում ենք կառուցելու մեր երազած ակադեմիական քաղաքը։ Նախագիծը սկսվելու է «Հայֆիլմի» տարածքից, որտեղ տեղակայվելու է արվեստների կլաստերը՝ արվեստների ավագ դպրոցով եւ համալսարանով։ Կունենանք ժամանակակից համերգասրահ»։
2023 թվականի ապրիլի 26-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել քննարկում Ակադեմիական քաղաքի արվեստների կլաստերի ստեղծման վերաբերյալ, որը նախատեսված էր նախկին «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքում:
2023 թվականի օգոստոսի 7-ին Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում ավարվում էր ««Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգը հաստատելու մասին» որոշումը, որտեղ «Հայֆիլմը» արդեն հիշատակվում էր իբրև «պահեստային տեղամաս»:
2023 թվականի օգոստոսի 7-ին դատախազությունը հրապարակեց մամլո հաղորդագրություն «Հայֆիլմ» կինոստուդիայի հափշտակության գործով և նկատի ունենալով, որ ուսումնասիրության ընթացքում հայտնաբերվել են Պետական գույքի կառավարման կոմիտեի պաշտոնատար անձանց կողմից առերևույթ հանցանք կատարելու, ինչպես նաև պատմամշակութային արժեքների հափշտակության դեպքեր՝ 2023 թվականի հուլիսի 3-ին դատախազի կողմից հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե։
Ու հենց այստեղ պետք է հնչեն Համո Բեկնազարյանի խոսքերը.
«Եվ այնուամենայնիվ, ես երջանիկ եմ. մենք՝ վետերաններս, ունենք մեր գործի հավատարիմ շարունակողներ, որոնց վրա դնում ենք մեր բոլոր իղձերը, մեր բոլոր հույսերը։ Եվ ես ուզում եմ իմ գրառումներն ավարտել ընկերական մաղթանքով` բարի ճանապարհ ձեզ, երիտասարդներ: Երջանիկ նվաճումներ եմ մաղթում»:
«Հուշեր դերասանի և կինոռեժիսյորի – Համո Բեկնազարյան»
«Հայֆիլմ» կինոստուդիայի՝ սոցիալիստական ռեժիմից կապիտալիստական ռեժիմի անցման 30 տարիների ընթացքում Հայաստանի կառավարությունն անխոնջ փորձում է այդ արտադրամասը պոկել կինոգործիչներից: Երբեմնի ամայի տարածքում գտնվող կինոստուդիայի շուրջ այսօր աճել է լյուքսային թաղամաս և վերածել Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստւոդիան հայկական «նավթահանքի»: