Գերագույն դատարանի դատավոր Ջեյմս Բերքի որոշմամբ Հարվի Վայնշտեյնը Նյու Յորքի նահանգի բանտում 23 տարի կանցկացնի: Վայնշտեյնը դատապարտվել էր փետրվարի 24-ին առաջին եւ երրորդ աստիճանի բռնաբարության ձեւով հանցավոր սեռական ակտ կատարելու մեղադրանքով:
Դատավճռի կայացումն ավարտում է Նյու Յորքում Վայնշտեյնի դատավարությունը, որը սկսվել է հունվարի 6-ին: Նրա թիմը հայտարարել է, որ կբողոքարկի երդվյալ ատենակալների որոշումը Վանշտեյնին առաջադրված հինգ մեղադրանքներից երկուսի վերաբերյալ մեղադրական դատավճիռ կայացնելու մասին:
Դատավոր Բերկը, նախքան իր դատավճիռը կայացնելը, Վայնշտեյնին ասել է, որ ինքը պաշտոնապես կգրանցվի որպես սեռական հանցագործ:
Առաջին աստիճանի հանցավոր սեռական ակտի մեղադրանքով իր դատապարտման համար Վայնշտեյնը դատապարտվել է 20 տարվա ազատազրկման: Երրորդ աստիճանի բռնաբարության մեղադրանքով նրան երեք տարվա ազատազրկման են դատապարտել:
Դատարանի դահլիճում իր հայտարարության մեջ Հարվի Վայնշտայնն ասել է, որ ցավում է կատարվածի համար, սակայն տուժածները հրաժարվում են դա զղջում համարել: Նա այդպես էլ չի ընդունել իր մեղքը: Դատավճռի հրապարակումից հետո Վայնշտեյնի փաստաբան Դոննա Ռոտուննոն դատարանին մեղադրել է կողմնակալության մեջ եւ անհամաչափ է անվանել «թիվը», այսինքն՝ ազատազրկման ժամկետը:
Հարվի Վայնշտայնի գործին շուտով ընթացք կտրվի Լոս Անջելեսում: Որպեսզի Վայնշտեյնը կանգնի Լոս Անջելեսի դատարանի առաջ, երկու նահանգները պետք է համաձայնության գան արտահանձնման շուրջ: Քալիֆորնիայի դատախազներն արդեն սկսել են ընթացակարգը: Գործընթացը կարող է տեւել որոշակի ժամանակ: