ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ֆիլմարտադրությանը հատկացվող պետական բյուջեի շուրջ 45 տոկոսը տրամադրել է դեբյուտային ծրագրերին, ինչը վկայում է երիտասարդ ստեղծագործողների շրջանում պետական կառույցի հանդեպ վստահության մակարդակի բարձրացման մասին: Այս մասին հայտնել է Արա Խզմալյանը լրագրողների հանդիպման ժամանակ:
«Ես հուսադրված եմ կինոյի ոլորտի աշխատաոճով. կինոյի ոլորտի ներկայացուցիչները ոչ թե իրենց հատկացվող ֆինանսավորման ավելացման հարց դրեցին, այլ ինստիտուցիոնալ բարեփոխումների ճանապարհով գնացին ու բարձրացրին օրենքի նախագիծ ունենալու խնդիրը։ Կինոյի մասին օրենքի` այժմ երկու նախագիծ կա, որոնք պետք է համադրել ու մեկ փաթեթով մտնել Ազգային ժողով»,-ասաց փոխնախարարը։
Խզմալյանի խոսքով` կինոգործիչների ընտրած ճանապարհը պետք է օրինակելի լինի մյուս ոլորտի ներկայացուցիչների համար։ Փոխնախարարը նշեց նաև, որ հաջորդ տարի թվայնացման մասնագետներ կհյուրընկալվեն Հայաստանում: «Հայաստանը պետք է մշակի կինոժառանգության պահպանման ու դրա հանրայնացման ծրագիր», – շեշտեց փոխնախարարը։
Հարցին, թե ի՞նչ է լինելու «Հայֆիլմ»-ի ճակատագիրը, Խզմալյանը պատասխանեց, որ այն չի կարող ունենալ այն անցյալը, որն ունեցել է։ «Աշխարհը վաղուց այլ ճանապարհով է գնում, և պետությունը չի զբաղվում կինոարտադրությամբ։ «Հայֆիլմ»-ի շենքն ու տարածքը պետք է առանձնացնենք «Հայֆիլմ» բրենդից»,-ընդգծեց նա:
Մեկ այլ հարցի, թե հնարավո՞ր է` ընկերության տարածքը սեփականաշնորհվի ու ոչ ֆիլմարտադրության համար օգտագործվի, Խզմալյանը պատասխանեց, որ ամեն ինչ հնարավոր է։