Հոլիվուդում պատրաստվում են կրկին էկրանավորել Միխայիլ Բուլգակովի «Վարպետն ու Մարգարիտան» վեպը: Էկրանավորման իրավունքները հայտնվել են «Ավստրալիա» և «Մուլեն Ռուժ» ֆիլմերի ռեժիսոր Բազ Լուրմանի ձեռքում: Նա այդ նախագծով կզբաղվի Էլվիս Փրեսլիի մասին բայոպիկի աշխատանքի ավարտից հետո, որն այժմ նկարահանվում է Warner Bros.-ի համար: Լուրմանը կլինի լեգենդար վեպի պրոդյուսերը եւ, հնարավոր է, հոլիվուդյան տարբերակի ռեժիսորը: Նախագիծը նա իրականացնելու է ռուս պրոդյուսերներ Սվետլանա Միգունովա-Դալի (Լեգենդ №17) եւ Նատալյա Ռոգալի, ինչպես նաեւ Ջոն Կյուսակի նախկին ֆինանսական գործընկեր Գրեյս Լոյի հետ:
Հոլիվուդյան նախագծում ներգրավված է նաև միլիարդատեր Լեոնարդ Բլավատնիկը, ով Լուրմանի հետ միասին հանդիսանում է Baz & Co փրոդաքշն ընկերության համասեփականատերը: Հետաքրքիր է, որ ավելի վաղ Բլավատնիկի ռուսական ակտիվը՝ «Ամեդիա Փրոդաքշն» ընկերությունը հիշատակվում էր ռուսական նոր էկրանավորման «Վարպետը և Մարգարիտան» մասնակիցների թվում − լայնածավալ լայնաբյուջետ նախագծի, որը համատեղ պատրաստում են պրոդյուսերներ Կոնստանտին Էռնստը («Առաջին ալիք»), Ռուբեն Դիշդիշյանը («Մարս Մեդիա») եւ Իգոր Տոլստունովը («Պրոֆիտ»):