Արտիստի ընկեր Արթուր Սողոմոնյանը «Ինտերֆաքսին» հաստատել է այդ տեղեկությունը՝ «Ցավոք, Արմեն Բորիսովիչը մահացավ։ Սիրտը կանգ է առել առավոտյան 6-ին»:
Օգոստոսի կեսերին Mash Թելեգրամ ալիքը հայտնել էր, որ Հայֆիլմի աստղ Արմեն Ջիգարխանյանը վերակենդանացման բաժանմունքում է:
ԶԼՄ-ների տվյալներով՝ դերասանը հիվանդանոց էր տեղափոխվել սրտանոթային հիվանդության և երիկամային անբավարարության սրման պատճառով՝ շաքարային դիաբետի ֆոնին:
Թատրոնի և կինոյի խորհրդային և ռուս դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը ծնվել է 1935 թվականի հոկտեմբերի 3-ին Երևանում:
1952 թվականին դպրոցն ավարտելուց հետո ուղևորվում է Մոսկվա և փորձում ընդունվել ԳԻՏԻՍ, սակայն անհաջող։ Վերադառնալով Երևան՝ Արմեն Ջիգարխանյանն աշխատանքի է ընդունվում «Հայֆիլմ» կինոընկերությունում՝ որպես օպերատորի օգնական։
1954 թվականին նա ընդունվում է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտ, հանրահայտ ռեժիսոր Վարդան Աճեմյանի՝ Գ. Սունդուկյանի անվան թատրոնի ղեկավարի բաժին։ Սակայն հավաքը բավականին մեծ է լինում և Ջիգարխանյանը տեղափոխվում է Արմեն Գուլակյանի բաժին։
1955-1967 թթ. աշխատել է Երևանի Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում:
Արմեն Ջիգարխանյանը համարվում է առաջատարը Հայրենական կինոյում դերերի քանակով։ 20-րդ դարի 60-ական թվականներից դերասանը նկարահանվել է ավելի քան 170 ֆիլմերում: Կինոյում դերասանը իր նորամուտը նշում է 1960 թվականին «Փլուզում» ֆիլմում Հակոբի դերակատարմամբ, իսկ հանրաճանաչություն Արմեն Ջիգարխանյանին բերեց նրա լավագույն դերակատարումներից մեկը՝ երիտասարդ գիտնական-ֆիզիկ Արտյոմ Մանվելյանի դերը Ֆրունզե Դովլաթյանի «Բարև, ես եմ» ֆիլմում։ Նրա հայտնի աշխատանքներից են «Եռանկյունի», «Հարսնացու հյուսիսից», «Գիքոր», «Տղամարդիկ», «Հուսո աստղ», «Թեհրան–43» և այլն: