Մայիսի 30-ին 87 տարեկան հասակում կյանքից հեռացել է խորհրդային և ռուս դերասանուհի, կրկնօրինակման ռեժիսոր Յարոսլավա Տուրիլյովան:
Տուրիլյովայի ձայնով խոսում են բազում հերոսներ, իսկ հայ հանդիսատեսնի նա ծանոթ է Ռոբերտ Սահայկանցի «Կապույտ ծովում, սպիտակ փրփուրի մեջ…», «Բարեկենդանը», «Ով էնպիսի սուտ ասի…» և «Խոսող ձուկը» անիմացիոն գործերով:
10 տարի առաջ Յարոսլավա Գեորգիևնան prodisney.ru կայքի հարցազրույցի ժամանակ պատմել է Ռոբերտ Սահակյանցի հետ աշխատելու իր փորձի մասին:
«Միանգամից ասեմ, որ այդ մուլտֆիլմերի վրա աշխատելը հոգու իսկական տոն էր: Սակայն այդ անիմացիոն ֆիլմերի մասին խոսել հնարավոր չէ՝ չհիշատակելով ռեժիսոր Ռոբերտ Սահակյանցին: Դա աներևակայելի տաղանդավոր մարդ էր: Նա ինքն էր գրում իր մուլտֆիլմերի սցենարները, էսքիզներ էր նկարում որպես նկարիչ, վերահսկում ամբողջ աշխատանքը: Միակ բանը, որ նա վստահել է ուրիշներին, դա երաժշտություն գրելն է: Իհարկե, նման դժվարին գործում նրան շատ էր օգնում կինը, իսկ հետո միացան նաև որդիները: Մենք նրա հետ պետք է սկսեինք աշխատել նրա նոր նախագծի վրա, որը կոչվում էր «Դա Վինչի կատուն»: Նա ինձ հինգ րոպե էր ուղարկել՝ նյութին ծանոթանալու համար և շուտով պետք է ինքն էլ գար: Տեսնելով նյութը, ես հասկացա, որ դա կլինի մի հրաշալի բան: Բայց, ցավոք, նա հանկարծամահ է եղել: Այս կորուստը ես սգում եմ դառը արցունքներով: Նա այն եզակի տաղանդավոր մարդկանցից էր, ով կարող էր բերել մեր անիմացիան բոլորովին նոր մակարդակի: Ես ասում եմ ՄԵՐ մուլտիպլիկացիան, որովհետև նա ինձ համար խորհրդային մարդ է մնացել: Նա կնպաստեր նկարված անիմացիայի վերածնմանը, որից ջերմություն է գալիս, որում զգացվում է նկարչի Տաղանդը, հոգին և սիրտը»
Յարոսլավա Գեորգիի Տուրիլյովան (նախքան ամուսնանալը՝ Գրոմովա) ծնվել է 1932 թվականի սեպտեմբերի 2: Մանկուց եղել է «կադրից դուրս»: Նրա հայրը վաղ է մահացել, և մայրը, ով դերասանուհի էր աշխատում, մենակ է մնացել երեք դուստրերի հետ: Այնպես որ, աղջիկը գնաց «Մոսֆիլմ» երեխաներին կրկնօրինակելու համար: Այնուհետև նա ընդունվել է Բորիս Շչուկինի անվան թատերական ինստիտուտ և 1960-ին ավարտել Լեոնիդ Շիխմատովի և Վերա Լվովայի վարպետանոցը: Բայց երբ թատերական կարիերանց չստացվեց նա վերադարձավ կրկնօրինակմանը:
Երկար ժամանակ աշխատելով որպես կրկնօրինակման դերասանուհի՝ Յարոսլավ Գեորգիևնան սկսել է անմիջականորեն ղեկավարել գործընթացը՝ դարձել է «Մոսֆիլմի» կրկնօրինակման ռեժիսոր:
Նրա հաշվին շուրջ 600 աշխատանք կա, ինչպիսիք են «Շինդլերի ցուցակը», «Ջեյմս Բոնդի» մի քանի ֆիլմ, «Փախուստ հավաբնից», «Շրեկ», «Մատրիցա», «Ջոբս», «Ուոլ Սթրիթի գայլը», «Մինիոններ», «1917», «Անտեսանելի մարդը» և բազմաթիվ այլ կինոժապավեններ: