Փարիզում կյանքից հեռացել է նոր ալիքի ֆիլմերի դերասանուհի Աննա Կարինան: Նա համաշխարհային ճանաչում է ստացել Ժան Լյուկ Գոդարի ֆիլմերի շնորհիվ: Կարինան մահացել է քաղցկեղից 79 տարեկան հասակում:
Դերասանուհու գործակալը հայտնել է, որ նա մահացել է հիվանդանոցում: Նրա կողքին եղել է նախկին ամուսինը՝ ամերիկացի ռեժիսոր Դենի Բերին:
Աննա Կարինան (Հաննե Կարին Բայեր) ծնվել է 1940 թվականին Կոպենհագենում, որտեղ էլ սկսել է դերասանական կարիերան: Սկզբում նա աշխատել է որպես մանեկենուհի եւ երգել կաբարեում, իսկ 1958 թվականին տեղափոխվել է Ֆրանսիա, կեղծանուն է վերցրել եւ ամուսնացել Ժան Լյուկ Գոդարի հետ 1961 թվականին նրանց «Կինը մնում է կին» ֆիլմի թողարկումից հետո: Այդ դերի համար նա «Արծաթե արջ» է ստացել Բեռլինի կինոփառատոնում:
Կարինան նկարահանվել է Լուկինո Վիսկոնտիի, Ռայներ Վերներ Ֆասբինդերի, Անյես Վարդայի, Մարթա Մեսարոշի, Ժան Կլոդ Բրիալի կինոնկարներում: Բայց նրան փառավորեցին հենց Գոդարի ֆիլմերը: Միասին նրանք յոթ նկար են արել՝ «Փոքրիկ զինվորը», «Կինը մնում է կին», «Ապրել իր կյանքով», «Կողմնակի անձանց խումբը», «Խենթ Պիերոն», «Ալֆավիլ», «Արտարդված է ԱՄՆ-ում»:
Գոդարի հետ ամուսնությունը տեւել է վեց տարի: Այնուհետեւ Կարինան ամուսնացել է եւս երեք անգամ՝ ռեժիսորներ Պիեռ Ֆաբրայի, Դանիել Դյուվալի եւ Դենի Բերիի հետ: Բացի դերասանական կարիերայից, նա գրել է վեպեր եւ զբաղվել երաժշտությամբ: 1967 թվականին նա մեծ հաջողություն է ունեցել Սերժ Գենսբուրի «Sous le Soleil Exactement» երգով՝ Պիեռ Կորալնիկի «Աննա» ֆիլմից:
Ֆրանսիայի մշակույթի նախարար Ֆրանկ Ռիտտերը, տեղեկանալով Կարինայի մահվան մասին, իր ցավակցությունն է հայտնել Twitter-ում: «Այսօր ֆրանսիական կինոն որբացել է: Այն կորցրել է իր լեգենդներից մեկին», – գրել է նա: