Աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանի կյանքի և սպորտային ճանապարհի մասին պատմող «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմը էկրան կբարձրանա այս տարվա սեպտեմբերին: Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Ֆիլմը նկարահանում է «Մաքսիմ պրոդաքշն»-ը՝ համագործակցելով «Մտորումների թատրոն» մշակութային հասարակական կազմակերպության հետ: Ֆիլմի պրոդյուսեր, ռեժիսոր, սցենարիստ և գլխավոր դերակատարն է Աննա Հարությունյանը: Ֆիլմում նկարահանվել են Սոս Ջանիբեկյանը, Անահիտ Քոչարյանը, Արտաշես Ալեքսանյանը, Խորեն Լևոնյանը, Մկրտիչ Արզումանյանը, Բաբկեն Չոբանյանը, Դավիթ Հակոբյանը և այլոք:
Նկարահանումները սկսվել են 2024 թվականի հունվարի 18-ից և ավարտվելու են փետրվարի 15-ին։ 1 ժամ 55 րոպե տևողությամբ խաղարկային ֆիլմի բյուջեն 90 մլն դրամ է, որից 40 մլն դրամը տրամադրել է Հայաստանի ազգային կինոկենտրոնը՝ 2023 թվականի ֆիլմերի նախագծերի առաջին մրցույթում այն ներկայացված էր «Հոսանքին հակառակ» աշխատանքային անվանմամբ։ Բյուջեի մնացած մասը համալրվել է (համալրվում է) անհատ ձեռներեցների միջոցով։
Գյումրիում նախատեսվող նկարահանումների համար քաղաքի ավագանու որոշմամբ համայնքային բյուջեից ֆիլմին հատկացվեց 2 մլն 200 հազար դրամ:
Ֆիլմի պրեմիերան նախատեսվում է 2024 թվականի սեպտեմբերին՝ Գյումրու օրվան նվիրված տոնակատարության ժամանակ։