«Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2003 թվականի դեկտեմբերի 5-ի համարում տպագրվել էր ««Պիոները» դատարանում կամ՝ ակնոցներով կինոն ճանապարհի կեսին» հոդվածը: Շարունակելով «Նամակներ անցյալից» շարջը ստորև ներկայացնում ենք այն:
«Պիոներ» կինոթատրոնը, որն արդեն պետք է բացված լիներ, ընկել է դատական երկարատեւ քաշքշուկների մեջ: Հիշեցնենք, որ Կենտրոն թաղապետարանի ենթակայության տակ գտնվող երեխաների այս երբեմնի սիրելի կինոթատրոնը 2001 թվականի դեկտեմբերին վաճառվել էր «Կամար» ՍՊԸ-ին:
Այս տարվա մարտին, սակայն, ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը դատի է տվել «Կամար» ՍՊԸ-ին, Կենտրոն թաղապետարանին եւ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին՝ պահանջելով անվավեր ճանաչել թաղապետարանի եւ կադաստրի կողմից «Կամարին» տրված սեփականության իրավունքի գրանցման վկայագրերը: Պատճառաբանվել է, որ կինոթատրոնը հանդիսանում է պետական սեփականություն: Հայցը, սակայն, տնտեսական դատարանում մերժվել է: Տնտեսական դատարանի դատավոր Ե.Խունդկարյանի կայացրած վճիռը, պետգույքի վարչության կողմից վճռաբեկում բողոքարկելուց հետո, մնացել է ուժի մեջ:
Պետգույքի վարչությունից ազատվելուց հետո, սակայն, «Կամար»-ը ստիպված է պայքարել այժմ արդեն մշակույթի նախարարության դեմ: Այս պահին «Պիոներ» կինոթատրոնի գործը կրկին դատարանում է: Մշակույթի նախարարությունը հատուկ արտոնագիր ունեցող փաստաբանի միջոցով, նոր ի հայտ եկած հանգամանքների բերումով, դիմել է վճռաբեկ դատարան՝ վճիռը բեկանելու պահանջով: Հայցի բովանդակությունը գրեթե նույնն է, եւ գործը կլսվի դեկտեմբերի 12-ին: Նոր հանգամանքներից մեկն այն է, որ 91 թվականին եղել է մշակույթի նախարարի հրաման՝ Ազգային ֆիլմադարան ստեղծելու մասին: Քանի որ այդ ժամանակ ե՛ւ ֆիլմադարանի, եւ «Պիոների» տնօրենը միեւնույն անձնավորությունն է եղել՝ Ավորիկ Դավթյանը, ֆիլմադարանը պետք է գործեր «Պիոներում», չնայած՝ Արաբկիրում ունի մշտական տարածք (ի դեպ, «Պիոների» շենքը թաղապետարանը վաճառել է Ավորիկ Դավթյանի համաձայնությամբ):
Երկրորդ հանգամանքն այն է, որ 94 թվականին, կրկին մշակույթի նախարարի հրամանով, կինոթատրոնի միջոցները հանձնվել են Ֆիլմադարանին: Ըստ «Կամարի» տնօրեն Սամվել Անդրեասյանի, այս 2 հանգամանքներն էլ կինոթատրոնի տարածքի հետ կապ չունեն: Ի դեպ, մշակույթի նախարարությունից այս կապակցությամբ մեզ չհաջողվեց որեւէ մեկնաբանություն ստանալ, իսկ Ֆիլմադարանի տնօրենն ու փոխտնօրենը, արդեն մի քանի ամիս է, չեն ցանկանում «Պիոներ» կինոթատրոնի հետ կապված մեզ որեւէ մեկնաբանություն տալ: Մի խոսքով, ինչպես երեւում է, հաստատապես վճռվել է «Պիոներ» կինոթատրոնը խլել Անդրեասյանից (նա նույնպես այդ կարծիքին է): Կինոթատրոնը գտնվում է Տերյան փողոցում եւ հենց Հյուսիսային պողոտայի մոտ:
Այնպես որ, շենքը բավական համեղ պատառ է՝ հատկապես այն բանից հետո, որ «Կամարի» տնօրենը արդեն 30 հազար դոլարի ներդրում է կատարել այնտեղ: Լիովին ավերակի վերածված այս շենքը, որտեղ մենք եղել ենք դեռ սեփականաշնորհումից անմիջապես առաջ, այժմ կապիտալ վերանորոգված է: Կատարվել են ամրացման աշխատանքներ, փոխվել են ջրագծերը, հատակը եւ այլն: Դրսից արտաքին հարդարումն ավարտված է, եւ մնում են միայն ներքին հարդարման աշխատանքները, որոնք, սակայն, դատական քաշքշուկների պատճառով Սամվել Անդրեասյանը չի կարողանում շարունակել: Այնինչ, այս կինոթատրոնը կարող էր արդեն դարձած լինել երեխաների ամենասիրելի վայրերից մեկը: Հիշեցնենք, որ նախատեսված էր այս կինոթատրոնում ցուցադրել «ակնոցներով» ֆիլմեր:
«Կամար» ՍՊՆ-ն, ըստ Անդրեասյանի, արդեն պայմանավորվածություններ ուներ ամերիկյան ֆիրմաների հետ եւ անգամ կանխավճար է մուծել սարքավորումների համար: Երեկ մենք Սամվել Անդրեասյանից փորձեցինք ճշտել, թե ինչ է, ի վերջո, իրենից ներկայացնում «ակնոցներով կինո» ասվածը: Դրանք հատուկ նկարված ժապավեններ են, որոնք շատ թանկ արժեն, քանի որ այդ ֆիլմերի նկարահանումը հիմնված է ճիշտ երկրաչափական եւ մաթեմատիկական հաշվարկների վրա: Սույն ֆիլմերը նկարվում են 2 կինոխցիկով կամ 2 օբյեկտիվ ունեցող 1 կինոխցիկով: Մեկը նկարում է աջ աչքի համար՝ մի անկյան տակ, մյուսը ձախի համար՝ մեկ այլ անկյան տակ, ու 2 պատկերները գումարվելով իրար՝ ստեղծվում է ծավալային, տարածական էֆեկտ, որը կինոդիտողին հնարավորություն է տալիս ֆիլմի գործողություններին ներկա լինելու պատրանք ստանալ:
«Ակնոցներով ֆիլմերն» ունեն մի քանի տարատեսակներ: Բացի տարածականից, կա նաեւ համայնապատկերային տեսակը, որի ժամանակ կինոդիտողը դահլիճում աթոռի վրա պտտվում է եւ հայտնվում գործողությունների կենտրոնում: Մյուս տեսակը շատ ավելի հետաքրքիր է. օրինակ, ասենք՝ ֆիլմի ժամանակ մեքենան ընկնում է փոսը, կինոդիտողի աթոռը նույն ձեւով ցնցվում է, եթե անձրեւ կամ ձյուն է գալիս, հատուկ միկրոսարքավորումների միջոցով ջուրը կամ ձյունը իջնում է նաեւ կինոդիտողի վրա, եթե, օրինակ, քամի է փչում, քամին փչվում է նաեւ դահլիճում, կամ, ասենք, էկրանին ծաղիկ է երեւում, դրա բույրը տարածվում է նաեւ դահլիճում:
Մի խոսքով, կարելի է պատկերացնել, թե ինչպես կդիտեն այդ ֆիլմերը երեխաները, քանի որ հիմնականում հենց նրանց համար են ցուցադրվելու այդ ֆիլմերը, հիմնականում՝ անիմացիոն: Այս պահին, սակայն, Սամվել Անդրեասյանը պայմանավորվել է Հայաստան բերել միայն տարածական ֆիլմեր: Բայց հետո, կինոթատրոնը բացվելու դեպքում, կբերվեն նաեւ «ակնոցներով կինոյի» մյուս տարատեսակները: Ի դեպ, նա նախատրաստվում է նաեւ նույն էֆեկտով համակարգչային խաղեր տեղադրել կինոթատրոնում: Ծրագրված է նաեւ ունենալ շարժական սարքավորումներ, որոնք կտարվեն նաեւ մարզեր, որպեսզի այնտեղ եւս երեխաները հասու լինեն նման հաճույքների: Դա, սակայն, ըստ երեւույթին ոմանց դուր չի գալիս, քանի որ ամեն ինչ կարծես հատուկ արվում է այս ծրագրի իրականացումը խափանելու համար:
Լուսինե Բարսեղյան