2014 թվականի հոկտեմբերի 7-ի «Ազգ» օրաթերթի 35 համարում լույս է տեսել Հասմիկ Հարությունյանի «Էջմիածնի մարմարե կինոթատրոնը վերածվել է պահեստի» հոդվածը:
90-ականների սկզբներին Հայաստանում գրեթե ամեն ինչ սեփականաշնորհվեց. բացառություն չէին նաեւ կինոթատրոնները: Մի քանի տասնյակի հասնող կինոթատրոններից այսօր հանրապետությունում երկու-երեքն են գործում: Մնացածները տոնավաճառներ են, բոուլինգի ակումբներ, ավտոսրահներ կամ պահեստներ եւ այլն:
Անշուշտ պահանջել, որ այդ բոլոր կառույցները գործեն որպես կինոթատրոն` անհիմն է. անհնար է պահանջել, որ գործարարներն իրենց սեփականությունը հանդիսացող կառույցները նախկինի պես ծառայեցնեն որպես կինոթատրոններ:
Եթե մայրաքաղաքում կինոթատրոնները հիմնականում պատկանում են մասնավորին, ապա մարզային քաղաքներում դրանց մեծամասնությունը քաղաքապետարանների տնօրինության տակ էին: Նրանք հիմնականում լքված են եւ ծառայում են որպես պահեստ, խորդանոց, անտունների օթեւան:
Լքվածների թվին է պատկանում նաեւ Էջմիածնի միակ կինոթատրոնը: Մարմարից, գեղեցիկ կամարներով ու խոյակներով այս շենքը տասնամյակներ առաջ քաղաքի հպարտություններից էր ու իր գեղեցկությամբ զարդարում էր գլխավոր հրապարակը:
80-ականների սերունդը երանությամբ է հիշում այն օրերը, երբ կինոթատրոնն գործում էր, երբ դահլիճը միշտ լիքն էր ու կինոթատրոնը համարվում էր քաղաքի ժամանցի լավագույն վայրերից մեկը: Այն Կոմիտասի անվան հրապարակի հարեւանությամբ էր, շրջապատված գեղեցիկ այգով, կողքին Մակար Եկմալյանի անվան երաժշտական դպրոցն ու սուրբ Մարիամ աստվածածին եկեղեցին էին ու տարածքը հոգեւոր-մշակութային յուրահատուկ մթնոլորտ էր ստանում:
90-ականներին կինոթատրոնը թալանվեց: Գողացան գույքը, նստարաններն ու այն ամենըՙ ինչ հնարավոր էր տանել: Այժմ միայն պատերն են մնացել, ներսում փլատակներ են, պոկված առաստաղ, ջահերի կմախք ու քանդված աստիճաններ:
Կինոթատրոնի նորոգումը քաղաքապետարանի ծրագրերի մեջ չէր մտնում: Այսօր զգալի գումար է անհրաժեշտ նախկին գեղեցկուհուն տեսքի բերելու համար: Կինոթատրոնի առաջին հարկի մի հատված քաղաքապետարանը փակել էր եւ օգտագործում էր որպես պահեստ: Այդ հատվածում պահվում էին կանաչապատման ու ձյուն մաքրելու համար անհրաժեշտ գործիքները: Մնացած հատվածում ամայություն է, դատարկություն: Դեպի երկրորդ հարկ տանող աստիճանները ջարդված են, տանիքին արդեն անտառ է գոյանում, իսկ պատերին քաղաքի երիտասարդների սիրո խոստովանություններն ու այլ խզբզանքներն են:
Ճարտարապետական առումով նման գեղեցիկ շենքերը պահեստ ծառայեցնելն ուղղակի արհամարհանք է գեղեցիկի հանդեպ, նաեւ մենեջմենթի առումով ոչ խելամիտ: Նմանատիպ շենքերը, որոնք յուրահատուկ են իրենց տեսակով եւ ճարտարապետական նշանակությամբ, պետք է ծառայեն որպես մշակույթի կենտրոններ: Սա կարող է ոչ միայն լավ ներդրում հանդիսանալ, այլեւ օրինակ ծառայել այլ գործարարների համար ոչ միայն գնահատելու ճարտարապետական կոթողները, այլեւ կոտրելու «ամեն հին պետք է կոտրվի» կարծրատիպն ու հին շենքերին նոր շունչ պարգեւել:
Նկարները՝ «ԱրմԱրք»