Ներկայացվել է Շավարշ Վարդանյանի «Իմ խաչը» ֆիլմի առաջին պաստառը և կոնցեպտ-արտը:
Ֆիլմը սիրո և հավատի, նվիրվածության, մարդկային խղճի ու առաքինության, ազատագրական պայքարի ու հայրենիքի նկատմամբ պարտքի կատարման մասին է: 1991-92 թվականներին՝ Արցախյան ազատագրական շարժման տարիներին, պատերազմական իրավիճակում, խաչվում են բժշկական առաքելությամբ Բաքու գործուղված ֆրանսիացի բժիշկ Ժակի և որդեկորույս հայ կնոջ՝ Սոնայի ճակատագրերը: Հանդիպելով և միասին անցնելով բազում փորձությունների միջով՝ նրանք փոխում են մեկմեկու կյանքն ու իրենց անձնական դրաման հաղթահարում մեկը մյուսի հանդեպ անհատակ նվիրումով:
Մինչդեռ հանգամանքների բերումով, նրանք ստիպված են լինում բաժանվել: Սոնայի համար կյանքի շարժիչ ուժը մեկն է՝ վրեժխնդիր լինել մահացած երեխաների համար, իսկ Ժակի առաքելությունն էլ՝ փրկել Սոնայի ոչ միայն վիրավոր մարմինը, այլ նաև վիրավոր հոգին:
Կոնցեպտ արտի հեղինակն է Էդուարդ Հակոբյանը:
Լիամետրաժ խաղարկային գեղարվեստական ֆիլմը հիմնված է իրական պատմությունների վրա: Ֆիլմի պրոդյուսերներն են Հրաչյա Մեսրոպյանը և Վալերի Սահարյանը, բեմադրող ռեժիսորն և սցենարիստն է Շավարշ Վարդանյան: Սցենարի վրա աշխատել են նաև Էդուարդ Խալդը, Արմեն Վաթյանը և Արսեն Դանիելյանը: Ֆիլմում նկարահանվել են Նարինե Գրիգորյանը, Երո Մուրյանը, Բորիս Խվոշնյանսկին, Շանթ Հովհաննիսյանը, Սարգիս Գրիգորյանը, Արմեն Մարգարյանը, Հովհաննես Հովհաննիսյանը և այլոք:
Ֆիլմի պրեմիերան նախատեսված է հոկտեմբերի 4-ին: