Հունվարի 7-ին Լոս Անջելեսի Beverly Hilton հյուրանոցում տեղի ունեցավ «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության 81-րդ արարողությունը: Հինգ մրցանակ, այդ թվում՝ գլխավոր՝ լավագույն դրամատիկ ֆիլմ, հնարավոր ութից ստացել է Քրիստոֆեր Նոլանի «Օպենհեյմեր» ֆիլմը։ Սերիալներից առաջատար էր «Ժառանգները», որոնք հաղթանակը տոնել են չորս անգամ՝ նախագիծն ընդգրկված է եղել ինը անվանակարգում։
Լավագույն ռեժիսոր է ճանաչվել Քրիստոֆեր Նոլանը, դրամատիկական ֆիլմում լավագույն դերասան է ճանաչվել Քիլիան Մըրֆին, ով մարմնավորել է ֆիզիկոս տեսաբան Ռոբերտ Օպենհեյմերին, իսկ տղամարդու երկրորդ պլանի լավագույն դերի համար մրցանակը ստացել է Ռոբերտ Դաունի կրտսերը, ով մարմնավորել է Լյուիս Շտրաուսին: Ստանալով գլոբուսը՝ Նոլանը հիշել է, որ միակ անգամ եղել է այդ բեմում, երբ 14 տարի առաջ ընդունել է Հիթ Լեդջերի մրցանակը «Սև ասպետը» ֆիլմում իր աշխատանքի համար։
Լավագույն կատակերգություն/մյուզիքլ է ճանաչվել Յորղոս Լանտիմոսի «Խեղճ մարդիկ» ժապավենը: Յոթ անվանակարգերում ներկայացված ֆիլմը հաղթանակ տոնեց ևս մեկում. Էմմա Սթոունը դարձավ լավագույն դերասանուհի մյուզիքլում/կատակերգությունում: Սա նրա երկրորդ գլոբուսն է (առաջինը՝ «Լա Լա Լենդում» դերի համար), ընդհանուր առմամբ դերասանուհին առաջադրվել է 8 անգամ։
Լիլի Գլադստոնի համար սա «Ոսկե գլոբուսի» առաջին անվանակարգն էր և առաջին հաղթանակը։ Դերասանուհին շնորհակալություն է հայտնել Օսեյջի ժողովրդին, ինչպես նաև Լեոնարդո Դի Կապրիոյին և Մարտին Սկորսեզեին՝ «իրավիճակը փոխելու և դաշնակից դառնալու համար»: Յոթ անվանակարգերում նշված «Ծաղկի լուսնի սպանողները» ֆիլմն այլևս մրցանակներ չի ստացել:
Երեքական մրցանակ ստանաց «Արջ» և «Գզվռտոց» սերիալները, «Լքվածները» և «Անկման անատոմիա» ֆիլմերը արժանացան երկուական Ոսկե գլոբուսի:
Լիամետրաժ ֆիլմերի անվանակարգերի թվով առաջատար «Բարբի» կինոնկարն 9 հնարավորից ստացել է ընդամենը երկու մրցանակ, որոնցից մեկը՝ Բիլլի Այլիշի և Ֆինեաս Օ’Քոնելի “What Was I Made For?” երգի համար: Եղբոր և քրոջ համար սա երկրորդ գլոբուսն է, առաջինը երաժիշտները ստացել են 2021 թվականին բոնդիանայի 25-րդ ֆիլմի՝ «Մեռնելու ժամանակը չէ» երգի համար։
«Բարբի» ֆիլմը կանխատեսելի հաղթանակ տարավ «Ոսկե գլոբուսի» նոր անվանակարգում՝ Լավագույն վարձույթ / Cinematic and Box Office Achievement in Motion Pictures: Ֆիլմը դարձել է 2023 թվականի ամենաքննարկվող ֆիլմը, որի դրամական հավաքները ամբողջ աշխարհում գերազանցել են 1,4 մլրդ դոլարը։
Անցած տարվա ընթացքում «Ոսկե գլոբուսը» բազմաթիվ փոփոխությունների է ենթարկվել. փոխել է սեփականատերն ու կարգավիճակը՝ դառնալով առևտրային կազմակերպություն, քվեարկող լրագրողների թիվը հասել է 300-ի, որոնք ներկայացնում են 76 երկիր, CBS հեռուստաալիքը սկսել է 1982 թվականից ի վեր առաջին անգամ հեռարձակել արարողությունը: Հիշեցնենք, որ 2023 թվականից «Ոսկե գլուբուսը» ունի մեկ քվեարկող անդամ Հայաստանից՝ կինոքննադատ Սոնա Կարապողոսյան:
Հաղթողների ամբողջական ցանկը հասանելի է մրցանակաբաշխության կայքում: