«Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային փառատոնն այս տարի կմեկնարկի հուլիսի 7-ին եւ կտեւի մինչեւ հուլիսի 14-ը եւ կինոսերներին կներկայանա նորովի: Սերնդափոխությունն իր հետ բերել է մի շարք փոփոխություններ: Այսօր` մայիսի 10-ին կայացած ասուլիսի ժամանակ փառատոնի կազմը ներկայացրեց այս տարվա «Ոսկե ծիրանի» տարբերանշանը, որը զգալի փոփոխություն էր կրել:
Նոր տարբերանշանի հեղինակն է դիզայներ Վիլիամ Կարապետյանը: «Նոր տարբերանշանը խորհրդանշում է հայերեն «Ծ» տառը: Ցանկացել ենք ստանալ մինիմալիստական լուծումներով մի բան: Չնայած ծիրանը պատկերվում է օվալաձև, նույնացնելով տեսախցիկի օբյեկտիվի հետ, մենք տվեցինք իդեալական կլորի ձև»,- տեսաձայնային կապի միջոցով մեկնաբանեց դրա կոնցեպտն ու նշանակությունը դիզայները:
«Ոսկե ծիրան» փառատոնի տնօրեն Հասմիկ Հովհաննիսյանն էլ նշեց, որ անակնկալներն այս տարի շատ են, սակայն դրանք դեռ չեն բացահայտի. «Կունենանք միջազգային լիամետրաժ ֆիլմերի մրցույթ, կարճամետրաժ ֆիլմերի տարածաշրջանային մրցույթ եւ արտամրցութային` ռեգիոնալ համայնապատկեր ծրագիր:
Այս տարի փառատոնի շրջանակում կունենանք նաեւ կրթական ծրագրեր, ընտրել ենք 15 նախագիծ, որոնք 4-օրյա դասընթացների շրջանակում կներկայացվեն: Զարգացման գործըթացին կմասնակցեն հրավիրված մասնագետներ»: Փառատոնի հայտագրումն արդեն մեկնարկել է: Կազմակերպիչների խոսքով` մինչ օրս ստացել են 740 եւ ավելի ֆիլմ, որոնց մի մասը տեղ կգտնեն փառատոնի շրջանակում:
Ինչ վերաբերում է «Ոսկե ծիրան»-ի հիմնադիր-տնօրեն Հարություն Խաչատրյանին՝ Հովհաննիսյանի խոսքով՝ թե նա, թե փառտոնի մյուս կազմը շարունակում են աշխատել կինոփառատոնի շրջանակում եւ աջակցել իրենց խորհուրդներով: