«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մեկնարկը Գյումրիում կտրվի «ԱՊՀ երկրների համարտադրություն ֆորում» ծրագրով: Հուլիսի 9-ին նախ ասուլիս կլինի, հետո՝ ֆիլմի ցուցադրություն: Գյումրիում «Ոսկե ծիրան»-ի շրջանակներում ԱՊՀ երկրների արտադրության 8 ֆիլմ կցուցադրվի: Բացումը կազդարարի Յուսուփ Ռազիկովի «Սուսերով պարը» ֆիլմը, որը նվիրված է հայ մեծանուն կիոմպոզիտոր Արամ Խաչատրյանին: Այդ օրը Գյումրիում կլինի նաեւ ֆիլմի ստեղծագործական կազմը: «Սուսերով պարը» ֆիլմի պրեմիերան կայացել է Շանհայի միազգային կինոփառատոնում: Առաջին անգամ Հայաստանում ֆիլմը կցուցադրվի Գյումրիում:
Մեկ ֆիլմ էլ կա, որի ռեժիսորն այն ցուցադրելու իրավունք միայն Գյումրիի համար է տվել, – լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի ծրագրերի համակարգող Արմինե Հարությունյանը: «Դա հատուկ գյումրեցիների համար ցուցադրվելիք ֆիլմ է՝ «Էրկեն կիշեր», Էդգար Բաղդասարյանի ֆիլմն է: Մեկ ֆիլմ էլ հատուկ գյումրեցիների համար մենք ենք նախատեսել «Սերիական մարդասպանը»: Գյումրիում է նկարահանվել, միայն այստեղ էլ կցուցադրվի: Դա էլ մեր ստեղծագործական խմբի նվերն է Գյումրիին, կգնաք, կնայեք: 22 րոպեանոց ֆիլմ է»,-ասաց փառատոնի պատասխանատուն:
Գյումրիում օրական 2 ֆիլմ կցուցադրվի «Հոկտեմբեր» կինոթատրոնում, ժամը 18:00-ին եւ 20:00-ին: Բոլոր ֆիլմերն ունեն հայերեն ենթատողեր: Մուտքն ազատ է: «Ոսկե ծիրան»-ի ներկայությունը Գյումրիում, ըստ քաղաքապետարանի Մշակույթի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանի, մշակութային ապակենտրոնացման լավագույն օրինակներից մեկն է:
«Պետք է վստահություն հայտնեմ, որ համագործակցությունն իր շարունակությունն ունենալու է: Այն ինչը կատարվում է մայրաքաղաքում, առավել եւս «Ոսկե ծիրան»-ի շուրջ, մինչ այս սահմանափակվում է կինոդիտումներով նաեւ Գյումրիում: Կարծում եմ համագործակցային այլ ծրագրեր պետք է մտածել, եւ անել այնպես, որ մայրաքաղաքային այդ աշխուժությունն ու մեծամասշտաբայնությունն ինչ-որ իմաստով տեղափոխվի նաեւ Գյումրի: Սա ոչ միայն անհրաժեշտություն է, այլ պահանջարկ, քանի որ Գյումրիում եւս կինոմշակույթն իր ամենատարբեր դրսեւորումներն ունի»,-փառատոնի պատասխանատուներին տեղեկացրեց քաղաքապետարանի պաշտոնյան:
Սովորաբար այս եւ նման փառատոնների ժամանակ, անկախ մուտքի անվճար լինելու հանգամանքից, դահլիճը կիսադատարկ է լինում: Իրազեկման պակա՞ս կա, թե մեկ այլ խնդիր, Արմինե Հարությունյանն ասաց՝ ժամանակի խնդիր է: Դեռ պետք է անցում կատարվի պոպ-կորն ժանրի ֆիլմի ընտրությունից դեպի արժեքավորը: Ըստ նրա, մարդիկ քիչ-քիչ կսովորեն, եւ մեկ-երկու տարի հետո պատկերը կփոխվի: