Հունիսի 12-ին «Անի պլազա» հյուրանոցում կայացավ «Ոսկե ծիրան» Երեւանի 16-րդ միջազգային կինոփառատոնի մամուլի ասուլիսը։ Ասուլիսի բանախոսներն էին` Երեւանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանը, «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը:
Ամռանը հայաստանյան մշակութային կյանքը կակտիվանա սպասված եւ նշանավոր իրադարձությամբ. հուլիսի 7-ին կմեկնարկի 16-րդ «Ոսկե ծիրանը»: Հայաստանում սիրված ու նաեւ երկրի սահմաններից դուրս լայն ճանաչում գտած այս բացառիկ կինոփառատոնի մեկնարկն այսօր ազդարարել են «Ոսկե ծիրան»միջազգային կինոփառատոնը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունն ու կինոփառատոնի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ը:
Համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում միջոցառման կազմակերպիչները լրագրողներին ներկայացրել են կինոփառատոնի՝ այս տարվա պաշտոնական պաստառը, ինչպես նաեւ անդրադարձել են սպասվող միջոցառումներին:
«Այս տարի փառատոնը որոշակի փոփոխություններ է կրել, քանի որ փոխվել է փառատոնի ղեկավար կազմը: Փառատոնի կազմը համալրել են երիտասարդներ,ովքեր մեծ պատասխանատվությամբ են պատրաստվում 16-րդ «Ոսկե ծիրանին» եւ անում են ամեն ինչ՝ այն իսկապես կինոտոն դարձնելու համար: Փոփոխություններ են եղել նաեւ գերատեսչությունների համատեքստում. տեղի է ունեցել նախարարությունների միավորում, եւ այսուհետեւ մենք համագործակցելու ենք ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության հետ: Չի փոխվել մեր գլխավոր գործընկերը՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը: Ընկերությունն արվեստի՝ մասնավորապես՝ կինոյի եւ «Ոսկե ծիրանի» նվիրյալներից է, ինչի համար մենք շատ ուրախ ենք եւ շատ շնորհակալ մեր փառատոնի լավագույն բարեկամին»,- իր խոսքում ընդգծել է Երեւանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանը:
«ՎիվաՍել-ՄՏՍ-ը մեծ կարեւորություն է տալիս մշակութային կյանքի, մասնավորապես՝ ազգային կինեմատոգրաֆի, ակտիվացմանն ու զարգացմանը Հայաստանում: Տարիներ շարունակ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում մեր ընկերությունը կանգնած է կինոգործիչների կողքին: Կինոարվեստի զարգացման կարևոր խթան լինելու հետ մեկտեղ, կինոփառատոնը հսկայական աշխատանք է տանում աշխարհի քարտեզի վրա Հայաստանը որպես հարուստ մշակույթ ունեցող երկիր ճանաչելի դարձնելու գործում»,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանն առանձնահատուկ շեշտեց, որ «Ոսկե ծիրան»-ն այն նախագծերից է, որը բարձրացնում է երկրի վարկանիշը աշխարհում: «Մեզ համար փառատոնն ունի ռազմավարական նշանակություն, որովհետեւ այս ձեւաչափի փառատոնները մասնագիտական լավ խողովակներ են՝ երկիրը եւ նրա մշակութային ժառանգությունը ներկայացնելու աշխարհին»,- նշել է Արա Խզմալյանը:
Ասուլիսի ընթացքում բանախոսները տեղեկացրել են, որ այս տարվա լիամետրաժ մրցույթի ժյուրին կնախագահի ճանաչված կինոռեժիսոր Ալեքսանդր Մինդաձեն, իսկ փառատոնի հատուկ հյուրն է մեքսիկացի հանրահայտ կինոռեժիսոր, միջազգային մրցույթների դափնեկիր Կառլոս Ռեյգադասը:
Միջազգային կինոփառատոնն աշխարհի տարբեր երկրներից ստացել է մասնակցության ավելի քան 740 հայտ, ինչպես նաեւ ընտրվել են մի շարք կինոնկարներ աշխարհի հեղինակավոր կինոփառատոններից՝ Կաննից, Բեռլինից, Ռոտերդամից: Փառատոնն ունենալու է միջազգային լիամետրաժ (խաղարկային եւ վավերագրական), ինչպես նաեւ կարճամետրաժ ֆիլմերի տարածաշրջանային մրցույթներ, իսկ արտամրցութային ծրագիրը ներառելու է «Տարածաշրջանային համայնապատկեր» մրցույթը: Մնացած ծրագրերը ոչ մրցութային են. դրանք են՝ «Երեւանյան պրեմիերաներ», «Հետահայաց ցուցադրություններ», «Հարգանքի տուրք»:
«Ոսկե ծիրանն» այս տարի ունի նաեւ նոր տարբերանշան, որն արտահայտում է փառատոնի նոր կազմի ինքնատիպ մոտեցումը 16-րդ տարին անցկացվող իրադարձությանը: Այն մինիմալիստական է, ներկայացնում է հայերեն «Ծ» տառը: Այդ տառի միջոցով լոգոյի հեղինակը փորձել է ստանալ փառատոնի խորհրդանիշ համարվող ծիրանը: