«Ոսկե ծիրան» միջազգային փառատոնի տնօրեն Հասմիկ Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ կինոփառատոնի մեկնարկին հուլիսի 7-ին Շառլ Ազնավուրի հրապարակում կկայանա հոբելյանական պատվո աստղերի տեղադրում Բագրատ Հովհաննիսյանի 90, Արման Մանարյանի 90 և Գենադի Մելքոնյանի 75-ամյա հոբելյանների առիթով:
Դրան Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կհաջորդի կարմիր գորգի և բացման արարողությունը: Բացման արարողակարգը կսկսվի 17.30: Կարմիր գորգի մասնակիցները, ինչպես և անխտիր բոլոր ներկաները, պետք է լինեն երեկոյան զգեստներով: Դրես կոդը վերաբերվելու է նաև լրագրողներին, օպերատորներին ու լուսանկարիչներին: «Ոչ մի ջինս ու բոթաս», – նախազգուշացրեցին կազմակերպիչները: Ավելին՝ նկարահանման կետերը լինելու են միայն որոշակի հատվածներում:
«Այս տարի փառատոնի շրջանակում երեք վայրերում՝ Ազնավուրի հրապարակում, Հյուսիսային պողոտայում, Ազատության հրապարակում գործելու են ինֆո կետեր, որտեղ հնարավոր կլինի ծանոթանալ փառատոնի ծրագրերին, ինչպես նաև ձեռք բերել փառատոնային աքսեսուարներ», – նշեց Հասմիկ Հովհաննիսյանը:
Խստացումներ են սպասվում նաև կինոդիտումների ժամանակ: Ֆիլմը սկսվելուց անմիջապես հետո դահլիճների դռները փակվելու են, և ուշացողները կկորցնեն գնված տոմսերը: Տոմսերի արժեքն է՝ մինչև ժամը 18.00-ն՝ 1000 դրամ, երեկոյան սեանսները՝ 2000 դրամ:
«Ոսկե ծիրան» միջազգային փառատոնի մամուլի ծառայության ղեկավար Ռոզա Գրիգորյանն էլ տեղեկացրեց, որ փառատոնային ամբողջ տեղեկատվությունը հասանելի է լինելու www.gaiff.am կայքի և նորաստեղծ GAIFF հավելվածի միջոցով, որը հասանելի է Android և IOS համակարգով աշխատող հեռախոսների համար:
Այս տարի «Ոսկե ծիրան»-ն ինքնատիպ համագործակցություն է ձեռնարկել Idram Payment System-ի հետ: Idram Payment System-ի մարքեթինգի տնօրեն Էդգար Դավթյանը լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց, որ փառատոնի ֆիլմերի տոմսերի համար վճարում կատարելով Idram-ի միջոցով կարելի է կուտակել 50% քեշբեք: Այսինքն՝ տոմսի համար վճարված գումարի ճիշտ կեսը կվերադարձվի տոմս գնողին, և նա կարող է դիտել մյուս ֆիլմերը՝ օգտագործելով իր խնայողությունները:
Հիշեցնենք, որ փառատոնն այս տարի կանցկացվի հուլիսի 7-14-ը: Կինոփառատոնի գլխավոր գործընկերն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը: Իրադարձությունն անցկացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: