Հայտնի է դարձել, որ Արամ Շահբազյանի «Չնչիկ» կինոնկարը ընդգրկվել է Բուսանի կինոփառատոնի «New Currents» ծրագրում: 13 տարի անց ֆիլմի պրեմիերան տեղի կունենա Հարավային Կորեայում: Այս մասին տեղեկացնում է ֆիլմի պաշտոնական ֆեյսբուքյան էջը:
«Չնչիկի» հիմքում իրական մի դեպք է, որը պատահել է Հայաստանի գյուղերից մեկում: Երիտասարդ աղջկա հայրը սպանել էր դստերը, որը համարձակվել էր առանց ամուսնանալու՝ հղիանալ: Վախենալով, որ իր ընտանիքը կարող է ադաթով ապրող համագյուղացիների մոտ ծիծաղի արժանանալ, ընտանիքի հայրը գերադասել էր առանց ավելորդ աղմուկի «ջնջել» իր դստեր հետքը: Իսկ «չնչիկ» բառը բարբառով նշանակում է՝ «չնչին». այդպես են կոչել գյուղացի աղջկան եւ նույնիսկ մոռացել նրա իսկական` անձնագրային անունը: Գլխավոր դերում Լիլի Էլբակյանն է:
Խաղարկային ֆիլմ՝ 35 մմ / DCP / 90 ր
Լեզուն՝ Հայերեն
Բեմադրող ռեժիսոր՝ Արամ Շահբազյան
Դերերում՝ Լիլի Էլբակյան, Հիլդա Օհան, Յուրա Կոստանյան, Արթուր Պապիկյան
Սցենարի հեղինակներ՝ Մարիամ Ասրյան, Արամ Շահբազյան, Արա Մնացականյան, Հարություն Կբեյան
Բեմադրող օպերատոր՝ Հայկ Կիրակոսյան
Բեմադրող նկարիչ՝ Արմեն Ղազարյան
Կոմպոզիտորներ՝ Դավիթ Դավթյան, Դավիթ Բաբայան
Համարտադրողներ` զիրո ֆիքշն ֆիլմ – Մարտին Հագեման
Իզաբելլա Ֆիլմս – Էլս Վանդեվորստ
Արտադրող` Արմնա Փրոդաքշն – Արա Մնացականյան, Մելիք Կարապետյան
2004-ին սցենարն արդեն պատրաստ էր, 2007-ին այն տրվեց արտադրության, նկարահանումներն ավարտվեցին 2009-ի դեկտեմբերին, 2010-ին էլ կինոժապավենը հանձնվեց Մոսկվայի «Саламандра» լաբորատորիա: Ինչպես «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց ռեժիսորը, քանի որ գումար չկար, որպեզի ֆիլմը սքան արվեր, այն մնաց լաբորատորիայում:
«Չնչիկի» ֆինանսավորումը սկսվել է 2007 թվականին: Ըստ վիճակագրական տվյալների, Հայաստանի ազգային կինոկենտրոնից ֆիլմը 13 տարիների ընթացքում ֆինանսավորում է ստացել 5 անգամ՝ 3,8 մլն. դրամ 2007 թ., 12 մլն. դրամ 2008 թ., 30 մլն. դրամ 2009 թ., 8 մլն. դրամ 2012 թ., 16,5 մլն. դրամ 2018 թ.: Ընդհանուր առմամբ, Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից ֆիլմին հատկացվել է շուրջ 70 միլիոն դրամ:
Շահբազյանի խոսքով՝ 2014-ի աշնանից նա «ապրում էր» Հայաստանի ազգային կինոկենտրոնում: «Կինոկենտրոնից ինձ ասում են՝ բա մենք փողը տվել ենք, որ պրծնեք, ինչո՞ւ չեք ավարտել ֆիլմը, բա ձեր պրոդյուսերներն ի՞նչ են մտածում: Ես` ռեժիսորս, դրան ի՞նչ պատասխանեմ»:
Երեք նախարար փոխած «Չնչիկ» ֆիլմը դեռևս 2010 թվականին պետք է ավարտված լիներ, սակայն անհրաժեշտ գումարը տարբեր պատճառաբանություններով չէր հատկացվում, իսկ ժապավենը կորել էր: Ֆիլմի ֆինանսավորումը վերսկսվեց միայն, երբ ֆիլմի ռեժիսոր Արամ Շահբազյանն անժամկետ հացադուլ հայտարարեց:
«Այնուամենայնիվ, մեզ հաջողվեց պարզել, որ ժապավենը տեղափոխել են այլ արխիվ (Ռուսաստանի Գոսֆիլմոֆոնդ): Ի դեպ, այս ամբողջ ընթացքում ֆիլմի եվրոպացի պրոդյուսերները չեզոք վիճակում էին, այն գումարները, որ նախատեսել էին ֆոնդերը (AVANTI ծրագիր (Շվեյցարիա), «Hubert Bals Fund» (Նիդերլանդների Թագավորություն), «WFC» (Գերմանիա), ծախսվեցին, դրանից հետո իրենք քաշվեցին մի կողմ, այլեւս մատները մատներին չխփեցին», – պատմել է ռեժիսորը Ժողովուրդին, 2014 թվականի իր զրույցում:
Ֆիլմը համարվում է ժապավենի վրա նկարահանված հայկական վերջին ֆիլմը:
Հարավկորեական փառատոնի նույն ծրագրին մասնակցում է նաև Էլվին Ադիգեզալի «Բիլյասուվար» ադրբեջանա-ֆրանսիական ժապավենը և Ռուսլան Պակի «Երեք» նախագիծը, որը պատրաստվել է Ղազախստանի, Կորեայի և Ուզբեկստանի համատեղ ուժերով:
Բուսանի միջազգային կինոփառատոնը Ասիայի խոշորագույն կինոփառատոնն է, որն ամեն տարի անցկացվում է Հարավային Կորեայի Բուսան քաղաքում 1996 թվականից ի վեր: Փառատոնը ուշադրության կենտրոնում են նոր ֆիլմերը և սկսնակ ռեժիսորների աշխատանքները: Մասնակիցների ամբողջական ցուցակի հետ կարող եք ծանոթանալ փառատոնի կայքում: Փառատոնը տեղի է ունենալու հոկտեմբերի 21-ից 30-ը: