Օգոստոսի 2-ին ռուսական Վիբորգ քաղաքում բացվել է «Պատուհան դեպի Եվրոպա» ռուսական ֆիլմերի XXVII կինոփառատոնը: Կինոփառատոնի շրջանակներում տեղի կունենա Հարություն Խաչատրյանի 6 ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը՝
«Կոնդ» (1987)
«Սպիտակ քաղաք» (1988)
«Քամին ունայնության» (1989)
«Պոետի վերադարձը» (2005)
«Սահման» (2009)
«Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» (2012)
Բացի այդ, 7-րդ տարին փառատոնի շրջանակներում անցկացվում է Ռուսաստանի և այլ երկրների կինեմատոգրաֆիստների համատեղ արտադրված ֆիլմերի պաշտոնական մրցութային ծրագիրը: Այս տարի այդ ծրագրում մասնակցում է 2016 թվականին արտադրված Աննա Արևշատյանի «Բարի լույս» ֆիլմը:
Ֆիլմը պատմում է հեռուստաընկերության ղեկավարության հետ մասնագիտական բախման մեջ մտած լրագրողի մասին: Արշակը կորցրել է աշխատանքը, նրան համակել է անզորությունն ու մեղքի զգացումն ընտանիքի առջև:
Անիմացիոն ֆիլմերի մրցույթում մասնակցում է ռուսաստանաբնակ հայազգի ռեժիսոր Նատալյա Միրզոյանը իր «Հինգ րոպե, հետո ծով» մուլտֆիլմով:
Մայրը ստիպում է աղջկան դադար տալ ծովում լողալու միջեւ: Այս հինգ րոպե ընդմիջումն աղջիկա համար կարծես հավերժության լիներ: Նա նայում է լողափի հարեւաններին: Յուրաքանչյուրի համար այդ հինգ րոպեները անցնում են տարբեր ձեւերով, բայց բոլորն էլ լցված են ակնկալիքով: Ֆիլմը պատմում է մանկությունից կարճ դրվագի մասին, որն ակամա համեմատվում է ծերության հետ:
Խաղարկային մրցութային ծրագրում ընդգրկված է նաև Յուսուպ Ռազիկովի «Սուսերով պարը» ֆիլմը, որը կպատմի 1942 թվականի իրադարձությունների մասին, երբ Արամ Խաչատրյանը երաժշտություն էր գրում «Գայանե» բալետի համար: