«AP Cinemа» ընկերության պրոդյուսեր Վալերի Սահարյանը Radio Van-ի հետ զրուցել է սպասվող ֆիլմի մասին, որի արտադրական անվանում է «Ոսկե դուբլ»: Ֆիլմը պատմելու է 1973 թվականին ԽՍՀՄ գավաթի եզրափակիչում «Արարատի» լեգենդար հաղթանակի մասին: Ինչպես նշում է պրոդյուսերը ֆիլմը դեռ զարգացման փուլում է:
Սահարյանի խոսքով «Արարատ» ֆուտբոլային ակումբի անդամները մասնակցում են ֆիլմի արտադրության մեջ, նրանք ներգրավված են որպես խորհրդատուներ: Ֆիլմի զարգացման համար նկարահանվել է ավելի քան 50 ժամ հարցազրույց:
Կինոնկարը լինելու է հայ-ռուսական համատեղ արտադրություն: Ռեժիսորը դեռ ընտրված չէ, սակայն հայտնի է որ ֆիլմի հանդեպ հետաքրքրվածություն ունեն երկու ռուս կինոգործիչ: Սցենարը արդեն պատրաստ է՝ հեղինակներն են Էդուարդ Այանյանը, ով գրել է «Ֆա» ֆիլմի սցենարը, որը կազմում է «Մեր երազանքի ճանապարհը» ֆիլմի մաս և Ռաֆֆի Զաքարյանը:
Նկարահանումները տեղի են ունենալու Ռուսաստանում՝ «Լուժնիկի» մարզադաշտում և Հայաստանում՝ «Հրազդան» մարզադաշտում: Քասթինգը անցկացվելու է Հայաստանում, Ուկրաինայում և Ռուսաստանում: Նկարահանումների մեկնարկը նախատեսված է 2020 թվականի ամռանը: Թողարկումը ամենալավ կանխատեսումներով կինոնկարը լույս կտեսնի 2022 թվականին, ամենաուշը 2023 թվականի աշնանը:
Ֆիլմի բյուջեն կազմում է մոտ 9 միլիոն դոլար:
Իրական իրադարձությունների վրա հիմնված ֆիլմը թույլ կտա հանդիսատեսին ընկղմվել 1970-ականների մթնոլորտի մեջ, հետևել անզիջում ֆուտբոլային պայքարի վայրիվերումներին, ծանոթանալ խորհրդային սպորտի ստվերային կողմին, դրամատիկ պահեր ապրել հերոսների՝ ֆուտբոլային կուռքեր Նիկիտա Սիմոնյանի, Արկադի Անդրեասյանի, Լևոն Իշտոյանի և մյուսների հետ։
Դժվար է գտնել մի հայի, որը լսած չլինի «Արարատի» մասին: 45 տարիների ընթացքում այս թիմին շարունակել են սիրել, հպարտանալ 1973 թվականին մեծ հաղթանակները կերտած ֆուտբոլիստներով: Հենց նրանք են, որ ֆուտբոլը Հայաստանում և ԽՍՀՄ-ում բարձրացրին մի նոր մակարդակի վրա ու հավերժացան «Արարատ-73» անունով: