Ռեժիսոր Ջեյք Քեզդանը պատմել է 2017 թվականին վերագործարկված «Ջումանջի» ֆրանշիզան շարունակելու ծրագրերի մասին: Նրա խոսքով՝ պանդեմիայից քիչ առաջ նա սկսել է հերթական մասի քննարկումը, սակայն կորոնավիրուսը արգելակել է գործընթացը:
Քեզդանը նշել է, որ երբ գլոբալ աղետը դադարի, նրանք կվերադառնան նախագծին: Նա նաեւ հավելել է, որ դեռ չի կողմնորոշվել սյուժեի հարցում, սակայն հույս ունի, որ այն նույնքան հետաքրքիր կլինի, որքան նախորդ երկու մասերում: Բացի այդ, ռեժիսորը ակնարկել է, որ դեմ չէ բացահայտել Դաժան Յորգենի պատմությունը:
Հիշեցնենք, որ 2017 թվականին թողարկվել է «Ջումանջի. ջունգլիների կանչը» ֆիլմը, որը դարձել է յուրօրինակ սիքվել եւ Ռոբին Ուիլյամսի հետ ժապավենի վերագործարկում: Իսկ 2019 թվականի դեկտեմբերին տեղի ունեցավ ևս մեկ մասի՝ «Ջումանջի: Հաջորդ աշխարհ» պրեմիերան: