Սթիվեն Սոդերբերգի «Վարակ» թրիլլերի դերասանական կազմը հատուկ տեսանյութ է ձայնագրել, որում մի քանի խորհուրդ է տվել, թե ինչպես կանխել կորոնավիրուսի տարածումը:
Տեսահոլովակում Մեթ Դեյմոնը, Քեյթ Ուինսլեթը, Մարիոն Քոտիարը, Լոուրենս Ֆիշբեռնը եւ Ջենիֆեր Էլը խոսում են տանը մնալու անհրաժեշտության մասին, ձեռքերը հաճախ լվանալու («դրանից է կախված ձեր կյանքը»), փողոցում եւ տանը («երեք մետր») այլ մարդկանց հետ հեռավորությունը պահպանելու, ավագ սերնդի եւ մերձավորների մասին հոգալու, գիտնականների եւ պրոֆեսիոնալ բժիշկների խորհուրդները լսելու անհրաժեշտության մասին:
«Վարակը» էկրան է բարձրացել 2011 թվականին, սակայն վերջին մի քանի ամիսներին ձեռք է բերել լրացուցիչ ժողովրդականություն: Ֆիլմում նկարահանվել են նաեւ Ջուդ Լոուն եւ Գվինեթ Փելթրոուն:
«Վարակ» ֆիլմի գովազդային արշավի համար, «Warner Bros. Pictures» կինոընկերության կանադական բաժանմունքը երկու հսկայական Պետրիի թաս է պատվիրել եւ տեղադրել դրանք Տորոնտոյի առեւտրի կենտրոնի ցուցափեղկում: Մի քանի օրվա ընթացքում մանրէներն ու սնկերը նրանց մեջ աճել են եւ ձեւավորել են ֆիլմի անվանումը եւ կենսաբանական վտանգի նշանները: