FX եւ MGM ընկերությունները մեկնարկում են Սթիվեն Քինգի «Քերրի» հայտնի ստեղծագործության նոր բազմասերիանոց էկրանավորման արտադրությունը: Ինչպես հաղորդում է Collider պարբերականը, շոուի ստեղծողները մտադիր են ներկայացնել գլխավոր հերոսուհու ոչ ավանդական կերպարը: Նրանց տարբերակում տելեկինետիկ ընդունակություններով օժտված Քերրի Ուայթին կխաղա կամ տրանսգենդեր, կամ սեւամորթ դերասանուհի:
Թե ինչով է թելադրված նման արմատական վերաիմաստավորումը, դեռ հայտնի չէ: Նշվում է, որ նախագիծը դեռևս չունի սցենար և բեմադրիչ: Կողմերի պաշտոնական ներկայացուցիչներն այս առնչությամբ մեկնաբանություններ չեն տալիս:
Հիշեցնենք, որ ամենաճանաչվածը 1976 թվականի թողարկման էկրանավորումն է, որտեղ գլխավոր դերը կատարել է Սիսի Սփեյսեկը: Դերասանուհին հավակնում էր Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակին: Նոր սերիալի աշխատանքների ժամկետները դեռ չեն ճշտվում: