Հոլիվուդյան հայտնի ռեժիսոր Քվենտին Տարանտինոն բաց նամակով դիմել է Կաննի կինոփառատոնի կազմակերպիչներին և հյուրերին, որտեղ խնդրել է զերծ մնալ սփոյլերներից իր նոր՝ «Մեկ անգամ Հոլիվուդում» ֆիլմի կապակցությամբ: Այն ներկայացնում է Deadline պարբերականը:
«Ես սիրում եմ կինոն։ Դուք սիրում եք կինոն. Կինոն ճանապարհորդություն է, որի նպատակն է դառնում հետաքրքիր պատմությունը: Ես շատ ուրախ եմ լինել այստեղ, Կաննում, եւ կիսվել իմ «Մեկ անգամ Հոլիվուդում» ֆիլմով առաջին դիտողների հետ: Դերասաններն ու նկարահանող խումբը քրտնաջան աշխատել են, որպեսզի ստեղծեն ինչ-որ յուրահատուկ բան, և ես միայն խնդրում եմ, որ բոլորը խուսափեն բացահայտել սյուժեի մանրամասները, ինչը կխանգարի մյուս հանդիսատեսներին, որոնք ֆիլմն ավելի ուշ կդիտեն, վայելել այդ ճամփորդությունը: Շնորհակալություն», – գրել է ռեժիսորը:
«Մեկ անգամ Հոլիվուդում» Ֆիլմում նկարահանվել են Կուրտ Ռասելը, Մարգո Ռոբին, Լեոնարդո Դի Կապրիոն, Բրեդ Փիթը, Սքութ Մաքնեյրին, Ռեբեկա Ռիտենհաուսը, Ալ Պաչինոն, Դակոտա Ֆանինգը, Թիմոտի Օլիֆանտը եւ այլ դերասաններ: Գործողությունը տեղի է ունենում անցյալ դարի 60-ական թվականների վերջին:
Տարանտինոն մտահոգվելու առիթ ունի, քանի որ համաշխարհային վարձույթում ֆիլմը կթողարկվի միայն հուլիսին: Հայ հանդիսատեսը այն կդիտի օգոստոսի 8-ին։