Marvel կինոտիեզերքում Թորի դերակատար Քրիս Հեմսվորթը կարող է խաղալ գլխավոր դերերից մեկը «Խելագար Մաքս: Զայրույթի ճանապարհ» ֆանտաստիկ մարտաֆիլմի պրիքվելում: Ինչպես պնդում է The Illuminerdi հրատարակությունը՝ վկայակոչելով իր աղբյուրներին՝ Warner Bros. ստուդիան Հեմսվորթին առաջարկել է Դեմենտաս անունով կերպարի դերը:
Դերասանի հետ պայմանագիրը դեռ չի ստորագրվել, սակայն բանակցություններն ակտիվորեն ընթանում են: Դեմենտասի մասին առայժմ հայտնի է միայն այն, որ նրա դեմքը «կլինի այլանդակված՝ ճակատին խորը վերքով, որը կարված է փայլուն քրոմապատ բռնակներով»:
Նշենք, որ առաջին անգամ այն մասին, որ ռեժիսոր Ջորջ Միլլերը մտադիր է նկարահանել նախաբանը, որի սյուժեն կառուցվելու է Ֆուրիոսի շուրջ, հայտնի է դարձել դեռ 2016 թվականին: Ենթադրվում էր, որ նկարահանումները կմեկնարկեն մեկ տարվա ընթացքում, սակայն նախագիծն այդպես էլ չի դրվել արտադրության: Մարտին «Խելագար Մաքսի» ռեժիսորը սկսել է դերասանուհիների օնլայն քասթինգը:
«Խելագար Մաքս : Զայրույթի ճանապարհ» ֆիլմը վարձույթում է հայտնվել 2015 թվականի մայիսին: Նրա հավաքներն այնքան էլ տպավորիչ չեն եղել՝ 370 մլն դոլար 150 մլն բյուջեի դեպքում: Հետագայում Միլլերը դատի է տվել Warner Bros. ստուդիային, քանի որ կարծում էր, որ իրեն չափազանց քիչ են վճարել իր բազմամյա աշխատանքի համար: