Հոկտեմբերի 12-20-ը Լիոնում կանցկացվի Լյումիեր եղբայրների անվան դասական կինոյի փառատոնը: Այս տարի ստուգատեսի մրցանակը կստանա ամերիկացի ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան: Փառատոնի շրջանակներում տեղի կունենան նաեւ նրա մի քանի նկարների ցուցադրություններ, իսկ մեկ երեկոն նվիրված կլինի «Կնքահայրը» եռերգությանը:
Փառատոնի տնօրեն Թիերի Ֆրեմոն նշել է, որ Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան հաճախ հրաժարվում է մրցանակներից, սակայն «այս անգամ նա թույլ է տվել իրեն համոզել»:
Հայտնի ֆիլմերի թվում են Կոպոլայի «Ապոկալիպսիսը հիմա», «Բոյց ձկնիկը», «Խոսակցությունը» եւ այլն: Ռեժիսորն Օսկարի մրցանակի վեցակի դափնեկիր է, այդ թվում՝ կինոարտադրության զարգացման գործում ակնառու պրոդյուսերական ներդրման համար: Կոպոլան երեք արձանիկ է ստացել սցենարի համար, մեկը՝ լավագույն ֆիլմ անվանակարգում եւ եւս մեկը՝ լավագույն ռեժիսուրայի համար: Կոպոլան նաեւ Արմավենու ոսկե ճյուղի կրկնակի դափնեկիր է, «Խոսակցությունը» եւ «Ապոկալիպսիսը հիմա» ֆիլմերի համար, եւ բազմաթիվ այլ մրցանակների ու փառատոների դափնեկիր է:
Լյումիեր եղբայրների անվան կինոփառատոնը ամենամյա ստուգատես է, որն անցկացվում է 2009 թվականից ի վեր՝ Ֆրանսիայի Լիոն քաղաքում Լյումիեր ինստիտուտի կողմից Լիոնի մետրոպոլիայի կառավարության հետ համատեղ: Փառատոնի օրերին քաղաքի խոշորագույն հարթակներում տեղի են ունենում դասական ֆիլմերի հետահայաց ցուցադրություններ:
Փառատոնի շրջանակներում նաեւ Լյումիեր մրցանակ են հանձնում կինեմատոգրաֆի զարգացման գործում ներդրած ավանդի համար: Կազմակերպիչների խոսքով՝ այս մրցանակը ժամանակի ընթացքում պետք է դառնա կինոյի բնագավառում յուրատեսակ Նոբելյան մրցանակ: Դափնեկիրների թվում են Քվենտին Տարանտինոն, Քեն Լոուչը, Քլինթ Իսթվուդը, Պեդրո Ալմոդովարը, Ջեյն Ֆոնդան եւ ուրիշներ: