Amazon ընկերությունը վիճարկել է Վուդի Ալենի հայցը, որում նա փոխհատուցում է պահանջում պայմանագրի պայմանները խախտելու համար:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ռեժիսորը դատի է տվել Amazon-ին՝ պահանջելով վճարել 68 մլն դոլար: Նման գումարը նվազագույն երաշխիք էր Ալենի չորս ֆիլմերի թողարկման համար, որոնցով պետք է զբաղվեր ընկերությունը: Ի պատասխան՝ Amazon-ի իրավաբանները պահանջել են հայցը կրճատել չորս կետով և հայտարարել են, որ ծանրակշիռ հիմքեր են ունեցել ռեժիսորի հետ հետագա համագործակցությունից հրաժարվելու համար:
Հիշեցնենք, որ 2017 թվականին Հարվի Վայնշտեյնի հետ կապված սկանդալի ֆոնին Ալենը հրապարակավ արտահայտվել էր այն մասին, որ ինքը ցավում է այդ պատմությանը մասնակից բոլոր մարդկանց համար: Amazon ընկերությունը նման մեկնաբանությունն անտեղի է համարել: Իրավիճակը բարդացրեց բռնաբարության մեղադրանքները, որը ռեժիսորի դեմ առաջադրել է նրա խորթ դուստրը՝ Դիլան Ֆերոուն:
Արդյունքում Amazon-ը հրաժարվել է թողարկել Ալենի նկարահանած «Անձրևոտ օր Նյու Յորքում» ֆիլմը և նրա ապագա նախագծերը: Ընկերությունը նաև մտադիր չէ փոխհատուցում վճարել:
Թե ինչպես կզարգանա իրավիճակը հետագայում, ցույց կտա ժամանակը: