San Diego Comic-Con-ի պաշտոնական Twitter հաշվում թվիթ է հրապարակվել այն մասին, որ 2020 թվականի միջոցառումը նախկինի պես նշանակված է հուլիսին:
«Comic-Con-ի եւ WonderCon-ի հրաշալի երկրպագուներ, մենք հասկանում ենք, թե ինչպիսի բարդ իրավիճակ է մեզ բոլորիս համար եւ շատ ենք գնահատում ձեր շարունակական աջակցությունը այս դժվարին ժամանակներում: Ոչ ոք այնքան մեծ հույս չունի, որքան մենք, որ կարող ենք միասին տոնել SDCC 2020-ը այս հուլիսին», – գրում են միջոցառման կազմակերպիչները:
Սան Դիեգոյի ամենամյա Comic-Con-ը ԱՄՆ-ում կոմիքսների ամենամեծ հավաքն է, ինչպես նաեւ գլխավոր հոլիվուդյան նախագծերի անոնսերի եւ ապագա ֆիլմերի թրեյլերների, պրոմո-նյութերի եւ անոնսերի թողարկման կարեւորագույն հարթակը:
Կորոնավիրուսի COVID-19 պանդեմիան արդեն հսկայական վնասներ է հասցրել կինոարդյունաբեությանը: Ամբողջ աշխարհում չեղյալ են հայտարարվել կարեւորագույն միջոցառումներն ու փառատոնները, ինչպես նաեւ հետաձգվել են սպասվող ֆիլմերի թողարկումները: