Հայաստանում գրանցվել է գնային ամենամեծ տարբերությունը կինոթատրոններում 2D և 3D ֆիլմերի սեանսների միջև, մասնավորապես, Եվրոպայի և Ասիայի 32 երկրների համեմատ: Հայաստանի կինոթատրոններում սեանսների տոմսերն ավելի թանկ են, քան հարևան Վրաստանում և Ադրբեջանում:
Picodi.com կատարած հետազոտության արդյունքում ստացված վիճակագրության համաձայն, Հայաստանում 3D-սեանսի արժեքը թանկ է 2D–ից 60%, ինչն առավելագույն ցուցանիշն է 32 երկրների շարքում: Հայաստանին հետևում են Ղազախստանը (58%), Ղրղըզստանը (49%) և Գերմանիան (45%)։ Արժեքի ամենափոքր տարբերությունը գրանցվել է Տաջիկստանում (4%), Ուզբեկստանում (6%), Սաուդյան Արաբիայում (6%) և Հնդկաստանում (7%)։
Հայաստանում կինոյի տոմսի միջին արժեքը մոտ 5,2 դոլար է, Վրաստանում՝ 5 դոլար, Ադրբեջանում՝ 3,8 դոլար: Ուսումնասիրված երկրներում 3D սեանսի տոմսի արժեքը 2D-ից միջինը թանկ է ակնոցների գնի չափով, որը կարող է կազմել ստանդարտ տոմսի արժեքի 10-25%-ը: Նման իրավիճակ է բազում երկրներում, այդ թվում Վրաստանում, Ճապոնիայում, եվրոյի գոտու որոշ երկրներում:
Հայաստանը նաև աշխատանքային և հանգստյան օրերին տոմսերի արժեքի ամենամեծ տարբերությամբ երկրների հնգյակում է: Վիճակագրության համաձայն, այդ տարբերությունը կազմում է 25%: Ցուցակում Հայաստանից բարձր է Ինդոնեզիան (50%), Ճապոնիան (38%), Ղրղըզստանը (30%) և Տաջիկստանը (29%)։ հետաքրքիր է, որ 32 երկրներից 15–ում սեանսների գների տարբերություն աշխատանքային և հանգստյան օրերին չկա:
Տոմսերի արժեքը համեմատվել է ըստ տվյալների, որոնք հասանելի են համացանցում՝ կինոթատրոնների պաշտոնական կայքերում: Ուսումնասիրությունից դուրս են մնացել թանգարանային և ոչ ռեպերտուարային ցուցադրությամբ կինոթատրոնները, ինչպես նաև պրոմո-ակցիաները: Օգտագործվել են արժույթների փոխարժեքի պաշտոնական ցուցանիշները 2019-ի հուլիսին: