Մինչ Կաննի կինոփառատոնը մտածում է այս տարի անցկացման ձեւերի, ձեւաչափերի եւ ժամկետների մասին, նրա մշտական գործարար կինոշուկան՝ Marché du Film-ը, իր ապագայի պահով արդեն կողմնորոշվել է: THR-ի աղբյուրները հայտնում են, որ կինոշուկան առցանց ձեւաչափով կանցկացնեն հունիսի վերջին: Բայերներին եւ պատվիրակներին արդեն հայտնել են մեկնարկի կոնկրետ ամսաթիվը՝ հունիսի 22-ը:
Marché du Film վիրտուալ շուկան կանցկացվի Cinando առցանց պլատֆորմի հզորության կիրառմամբ, որը սովորաբար օգտագործվում է որպես ավանդական խոշոր շուկաների եւ փառատոնների վիրտուալ ցուցափեղկ: Բացի այդ, այն արդեն մի քանի ոլորտային միջոցառումներ է անցկացրել, որոնք ստիպված են եղել օնլայն ռեժիմի անցնել ներկայիս ճգնաժամի ժամանակ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ մի քանի խոշոր պրոդյուսերական եւ դիստրիբյուտորական ընկերություններ, ներառյալ այնպիսի ծանրքաշայիններ, ինչպիսիք են Wild Bunch-ը եւ FilmNation-ը, հրապարակել են այլընտրանքային վիրտուալ կինոշուկա ստեղծելու պլանները, եթե Կաննի կինոփառատոնը չեղյալ հայտարարվի: Բացի այդ, նրանք հավանություն են տվել նոր խոշոր համաշնանային կինոշուկայի կազմակերպման գաղափարին՝ Սան Սեբաստիանի եւ Ցյուրիխի միջազգային կինոփառատոնների հետ համատեղ: