Netflix ընկերությունը թանկարժեք ճանապարհորդություններ է կազմակերպում կինոքննադատների համար, որոնք մասնակցում են հեղինակավոր կինոմրցանակների քվեարկություններին, մասնավորապես, Critics’ Choice Awards-ին: Այս մասին ասվում է The Washington Post ամերիկյան ազդեցիկ պարբերականի հետաքննության մեջ:
Նրա թղթակիցները առնվազն չորս նման ուղեւորությունների մասին են իմացել այս տարի: Մի քանի անանուն իրազեկիչների խոսքով, որոնք տեղյակ են եղել այդ միջոցառումներից, դրանք բոլորն իրենց մեջ ներառել են բարձր դասի հյուրանոցներում գտնվելը եւ կինեմատոգրաֆիստների եւ աստղերի հետ մասնավոր հանդիպումները:
«Իռլանդացին», «Իմ անունն է Դոլեմեյթ» եւ «Երկու Պապը» ֆիլմերի առաջխաղացման հետ առնչություն ունեցող երեք շրջագայություն կազմակերպվել են Լոս Անջելեսում: Չորրորդը՝ Նյու Յորքում՝ «Ամուսնական պատմություն» դրամայի համար:
Այսպիսով, «Իռլանդացու» շրջագայությունը ներառում էր մասնավոր մամուլի ասուլիս ֆիլմի գլխավոր հերոսների, այդ թվում Մարտին Սկորսեզեի եւ Ալ Պաչինոյի հետ, պատմական Չինական կինոթատրոնում պրեմիերայի տոմսեր, Uber վաուչերների փաթեթներ, եւ համար շքեղ Four Seasons հյուրանոցում: Այնտեղ բնակվելը տատանվում է 500 դոլարից մինչեւ ավելի քան 2000 դոլար լյուքս համարի համար:
Փորձագետների կարծիքով՝ սա նշանակում է ինչպես պարգեւատրման էթիկետի, այնպես էլ լրագրողական էթիկայի պոտենցիալ խախտում:
Նշենք, որ վերոնշյալ բոլոր ֆիլմերը հավակնում են բազմաթիվ մրցանակների: