Հայաստանի ազգային կինոկենտրոնը տեղեկացնում է, որ 2020 թվականի հոկտեմբերին՝ Լիոնի «Լյումիեր եղբայրներ» միջազգային կինոփառատոնի օրերին, ներկայացվելու է «Կինոյի տաճար» ամբողջական ծրագիրը: Առաջին անգամ այն ներկայացվել է 2019-ի հունվարին՝ Ռոտերդամի կինոփառատոնում: Պայմանավորվածությունը ձեռք է բերվել Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանի Լիոն կատարած աշատանքային այցի շրջանակներում:
Ազգային կինոկենտրոնի կողմից նախապես փառատոնի ղեկավարությանն ուղարկված «Կինոյի տաճար» ծրագրի համալիր փաթեթը արժանացել էր հավանության և արդեն լիոնյան հանդիպման ժամանակ, որին մասնակցում էին Լիոնի «Լյումիեր եղբայրներ» միջազգային կինոփառատոնի տնօրեն (միաժամանկ նաև Կաննի կինոփառատոնի գլխավոր տնօրեն) Թիերի Ֆրեմոն , Լիոնի քաղաքապետի առաջին տեղակալ և Լիոնի մետրոպոլի փոխնախագահ Ժորժ Կեպենիկյանը, ծրագիրն հաստատվել է։Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև«Կինոյի տաճար» ծրագիրը փառատոնի օրերին ներկայացնելու ամբողջական փաթեթը, ինչպես նաև կազմակերպչական և այլ մանրամասներ՝ հանրությանը պատշաճ ներկայացնելու համար:
Լյումիեր եղբայրների թանգարանում կայանալիք «Կինոյի տաճար» միջոցառման ծրագիրը ներառում է Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի հիմնական մոնտաժից դուրս մնացած, վերականգնված կադրերի ինստալյացիա, Վարպետի երեք ֆիլմերի («Հակոբ Հովնաթանյան», «Արաբանախշեր Փիրոսմանիի թեմաներով» և «Կիևյան որմնանկարներ» )՝ եռաֆիլմի ցուցադրությունը, Ս. Փարաջանովի տուն-թանգարանի ցուցանմուշների ցուցադրում, ինչպես նաև ֆորում-քննարկում՝ նվիրված Ս. Փարաջանովի ժառանգությանը:
Միրզախանյանն աշխատանքային այց է կատարել նաեւ «ԿինոՖաբրիկա» (La CinéFabrique), ծանոթացել ուսումնական պրոցեսի կազմակերպման ընթացքին: Նրա խոսքերով՝ քննարկումների արդյունքում մշակվել են փոխանակման նոր եզրույթներ:
Մասնավորապես՝ որոշվել է Երեւանում բացել կինոյի մասնագիտությունների միջազգային ինստիտուտի «ԿինոՖաբրիկա»-ի (La CinéFabrique) մասնաճյուղը, որը կապահովի եռամյա բարձրագույն մասնագիտական կրթություն եւ կպատրաստի կինոյի ոլորտի գեղարվեստական ու տեխնիկական մասնագետներ: Այս ծրագիրն իրականացվելու է համատեղ, որտեղ ֆինանսական ներդրումներ են լինելու ե՛ւ ֆրանսիական, ե՛ւ հայկական կողմից:
Լիոն քաղաքում տեղակակայված La CinéFabrique-ը ֆրանսիական պետական բարձրագույն ուսումնական հաստատություն է, որը նախատեսված է 18-25 տարեկան երիտասարդ ուսանողների կինոյի եւ տեսալսողական մասնագիտությունների ուսուցման համար: Այն Ֆրանսիայի պետական բարձրագույն կրթության չորս դպրոցներից մեկն է, որտեղ կինոյի արհեստներ են դասավանդվում: Հիմնադրվել է 2015 թվականին ռեժիսոր Կլոդ Մոուրիերասի նախաձեռնությամբ, իսկ պատվավոր նախագահն է ռեժիսոր Աբդերրահման Սիսակոն: Դպրոցը առաջարկում է ուսուցում հինգ բաժիններում՝ սցենարական, օպերատորական, ձայնի, մոնտաժի և պրոդյուսերական բաժնի:
Հանդիպումների շարքում լուրջ բանակցություններ են տարվել Թուլուզի ֆիլմադարանի (La Cinémathèque de Toulouse) տնօրեն Ֆրանկ Լուարեյի և Հավաքածուների տնօրեն Ֆրանչեսկա Ազարայի հետ: Հանդիպան ընթացքում, մասնավորապես, քննարկվել են հայ կինոյի ժառանգության պահպանմանը և հանրահռչակմանը վերաբերող կարևոր խնդիրներ, այդ թվում՝ հայկական կինոժառանգության վերականգնման, թվայնացման, պահպանության հարցերը:
Բացի այդ, զրույց է ծավալվել Թուլուզի ֆիլմադրանում պահպանվող Համո Բեկնազարյանի «Պեպո» գեղարվեստական խաղարկային ֆիլմի երկու տարբեր ժապավենների շուրջ, որոնք ուսումնասիրել են տեղի մասնագետները: Ֆրանսիական կողմի խորհրդով և մեր համաձայնությամբ մշակվել է մեկ ամբողջական թվայնացված և վերականգնված ֆիլմ ստեղծելու գաղափարը: Ներկայումս Թուլուզի ֆիլմադարանի հետ քննարկումները դեռ շարունակվում են և 2020-ին ակնկալվում է այնտեղ թվայնացնել և վերականգնել «Պեպոն»:
Հիշեցնենք, որ «Նռան գույնը» ֆիլմի մոնտաժից դուրս մնացած կադրերը 2019-ի հունվարին ներկայացվել էին Ռոտերդամի միջազգային կինոփառատոնում, իսկ Երևանյան ցուցադրությունը տեղի ունեցավ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում՝, «Այրարատ» կինոթատրոնում (նախկին «Ռոսիա»):