Հայաստանի անկախ կինոգործիչների ակումբը (ԻՖԿԱ) տարածել է հաղորթագրություն, որ ապրիլի 6-ին տեղի է ունեցել առցանց հանդիպում Մշակույթի փոխնախարար Արա Խզմալյանի ԻՖԿԱ համահիմնադիրների հետ: Հանդիպման նպատակն էր՝ ամփոփել դեռևս 2019 թ. դեկտեմբերին տեղի ունեցած Հայ Կինոյի Զարգացման Ռազմավարության Կոնֆերանսը:
«Փոխնախարարի հետ հեռահար ամփոփիչ հանդիպմանը կոնֆերանսի թեմաներին անդրադարձ եղավ՝ ըստ ռազմավարությունների ցանկի ու դեռ լուծում պահանջող խնդիրների առաջնահերթության։ Արծարծվեցին կինոարտադրության պետական ֆինանասավորման դաշտում դեռևս առկա կենսական նշանակության բացերը: Փոխնախարարը վերահաստատեց պատրաստակամությունը՝ համագործակցել հատկապես այնպիսի հիմնահարցային եզրերում, ինչպիսիք են. պետության և կինոարտադրողի հետ պայմանագրերի իրավական հիմքերի վերանայումը, հստակեցումը և առկա խնդիրների շտկումը; պետական ֆինանսավորման ազգային մարմնի ինստիտուտի որակական կառավարման խնդիրներն ու հնարավոր լուծումները; ոչ բավարար պետական, մասնավոր և արտասահմանյան ներդրումներին ուղղված ռազմավարությունները։
ԻՖԿԱ-ն փոխնախարարին հանձնեց կոնֆերանսի արդյունքների ամփոփագիրն ու հանձն առավ` կարճ ժամկետներում ներկայացնել առանձին ռազմավարական միջոցառումներին ուղղված մի շարք փաստաթղթեր:
Հեռահար հանդիպման ընթացքում ԻՖԿԱ-ն ներկայացրեց նաև COVID-19 համաճարակի հետևանքով կինոոլորտում ծագած խնդիրների լուծման և դաշտի ճգնաժամային կառավարման քայլերի առաջարկ։ Վերջին ամիսներին Հայաստանում և աշխարհում ներդրված տեղաշարժի և գործունեության սահմանափակումները մեծապես ազդում են մեր ոլորտի վրա, որտեղ ուղիղ շփումն ու թիմային աշխատանքը կենսական դեր ունեն։ Ծանոթանալով միջազգային փորձին՝ մենք առանձնացրել ենք որոշակի քայլերի ռազմավարություն, որը կառավարությանը կօգնի մեղմել համաճարակի ազդեցությունն ինչպես այս օրերին, այնպես էլ՝ երկարաժամկետ, երբ գալիք ամիսներին միայն ակնհայտ կդառնա կինոգործիչների և պետության կրած իրական վնասի չափը։ Փոխնախարարը սիրով ընդունեց առաջարկներն ու ցանկություն հայտնեց սերտորեն համագործակցել՝ համատեղ իրականացնելով ճգնաժամի պայմաններում իրավիճակի գնահատման, վտանգների կանխարգելման ու ոլորտի աջակցության աշխատանքներ։ Համայնքի մեր գործընկերներին ևս կոչ ենք անում մեզ ներկայացնել սեփական մտահոգություններն ու առաջարկները, որոնք անպայման միասին կքննարկենք ու կներառենք կառավարության հետ մեր համագործակցության աշխատանքային օրակարգում»:
2019 թ. դեկտեմբերի 1-ին Աղվերանում տեղի ունեցած Հայ Կինոյի Զարգացման Ռազմավարության Կոնֆերանսը կազմակերպվել էր ԻՖԿԱ Հայաստանի Անկախ Կինոգործիչների Համայնքի կողմից և աջակցություն ստացել ՀՀ Կրթության, Գիտության, Մշակույթի և Սպորտի Նախարարության կողմից։ Կոնֆերանսին ներկա էին շուրջ երեսուն կինոգործիչ, Ազգային Ժողովի, Կինոկենտրոն ՊՈԱԿ-ի, Զբոսաշրջության Պետական Կոմիտեի և առնչվող ոլորտների ներկայացուցիչներ, ինչպես նաև միջազգային փորձագետներ և առցանց արտասահմանյան խոսնակներ: