Մայիսի 14-25-ը Ֆրանսիայում տեղի կունենա Կաննի 72-րդ կինոփառատոնը, որի ժյուրիի նախագահ է դարձել մեքսիկացի ռեժիսոր Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուն: Հիշեցնենք, որ նախորդ տարի կինոստուգատեսի ժյուրին գլխավորում էր ավստրալացի դերասանուհի Քեյթ Բլանշեթը ։ Կաննի 71-րդ կինոփառատոնի Ոսկե արմավենու ճյուղը ստացել է ճապոնացի ռեժիսոր Հիրոկաձու Կորեեդայի «Խանութի գողերը» ֆիլմը:
«Սա փառատոն է, որը շատ կարեւոր է ինձ համար իմ կարիերայի հենց սկզբից։ Ես շատ հուզված եմ: Ինձ համար մեծ պատիվ է այս տարի Կանն վերադառնալ որպես ժյուրիի նախագահ։ Կինոն անցնում է մոլորակի երակներով, եւ այս փառատոնը նրա սիրտն է: Մենք՝ ժյուրիի անդամներս, երջանիկ ենք, որ կարող ենք տեսնել ռեժիսորների նոր հրաշալի աշխատանքները ամբողջ աշխարհից։ Դա մեծ հաճույք և պատասխանատվություն է, որը մենք պատրաստ ենք ընդունել էնտուզիազմով և նվիրումով», – ասել է ռեժիսորը։
Կաննի փառատոնի նախագահ Պիեռ Լեսկյուրը և գլխավոր տնօրեն Թիերի Ֆրեմոն ուրախ են, որ ռեժիսորը ընդունել է իրենց հրավերը: «Ալեխանդրո Ինյարիտուն շատ հազվադեպ է համաձայնվում մասնակցել մրցավարությանը, և սա առաջին անգամն է, երբ նախագահ կդառնա մեքսիկացին։ Կանններն ընդգրկում են կինոյի բոլոր տեսակները, իսկ «Բաբելոնի» ռեժիսորի ներկայությամբ փառատոնը հարգանքի տուրք է մատուցում նաեւ մեքսիկական կինոարվեստին»: