Բեռլինի միջազգային կինոփառատոնը (Բեռլինալե) հաջորդ տարի տեղի կունենա երկու փուլով. մարտին տեղի կունենան կինոարդյունաբերության գործիչների առցանց-միջոցառումները, իսկ հունիսին ՝ կինոցուցադրություններ լայն հանրության համար: Ավանդաբար կինոփառատոնն անցկացվում է փետրվարին:
«Բեռլինի 71-րդ միջազգային կինոփառատոնը COVID-19-ի հետ ներկայիս իրավիճակի պատճառով 2021-ի համար նոր փառատոնային ձևաչափ է մշակել և ուրախ է, որ փառատոնը կանցկացվի և արդյունաբերության, և հանրության համար», – ասվում է Բեռլինալեի կայքում:
Փառատոնի ծրագիրը կհրապարակվի փետրվարին և կներկայացվի վիրտուալ ձևաչափով կինոարդյունաբերության գործիչներին European Film Market, Berlinale Co-Production Market, Berlinale Talents և World Cinema Fund հարթակներում: Մարտի 1-ից 5-ը միջազգային ժյուրին առցանց դիտումների ժամանակ կգնահատի ֆիլմերը և կբաշխի մրցանակները: Հունիսին մրցանակակիր ֆիլմերը կցուցադրվեն կինոթատրոններում և բաց երկնքի տակ:
Օգոստոսին Բեռլինալեի կազմակերպիչները որոշել էին հրաժարվել լավագույն տղամարդու և կնոջ դերերի համար անվանակարգերից: Նրանց փոխարեն կպարգևատրվեն գենդերային չեզոք պարգևներ լավագույն գլխավոր դերի և երկրորդ պլանի լավագույն դերի համար: