Այս շաբաթ կայացել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության փորձագիտական հանձնաժողովի ընթացիկ տարվա երրորդ նիստը. մի շարք պատմամշակութային օբյեկտներ նորահայտ հուշարձանի կարգավիճակ են ստացել:
Քննարկումների արդյունքում հանձնաժողովի անդամների դրական եզրակացությամբ նորահայտ հուշարձանի կարգավիճակ են ստացել Երևան քաղաքում և հանրապետության հինգ մարզերում գտնվող 11 պատմամշակութային օբյեկտներ:
Տեղական նշանակության հուշարձանի կարգավիճակ են ստացել Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի «Հայրենիք» կինոթատրոնի շենքը, որը կառուցվել է 1951 թ. (ճարտ. Գրիգոր Աղաբաբյան):
Պատմական ակնարկ
1951 թվականի «Սովետական Հյաաստանի» մայիսի 1-ի համարում, որն ամբողջությամբ նվիրված է Աշխատավորների օրվան, վերջին էջի այն հատվածում, որտեղ սովորաբար տեղ էին գտնում թատրոնների ու կինոթատրոննրի այդ օրվա խաղացանկերը, մի փոքրիկ անկյունում գրված է. «Երևան քաղաքի Ստալինյան ռայոնում բացվում է նոր կինոթատրոն «Հայրենիք»: Ցուցադրվելու է գունավոր գեղարվեստական ֆիլմ «Բեռլինի անկումը»: Այդ օրվանից 62 տարի անց Արշակունյաց 42/1 շենքի ամենատարեց բնակիչները կինոթատրոնի հետնամուտքի մոտ նստած հիշում են, որ «առաջին սեանսին ասեղ գցելու տեղ չկար»:
«Հայրենիք» արտադրական կոպերատիվ, որը ավելի հայտնի է որպես «Հայրենիք» կինոթատրոնի տարածքի ընդհանուր մակերեսը 1261.4 քմ է: Տարածքի գնահատված արժեքն էր 164 312 555 դրամ:
1996 թվականի մայիսի 22-ին ՀՀ պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման և վարձակալած գույքի գնման թույլտվության մասին կառավարության 156 որոշումով «Հայրենիք» կինոթատրոն արտադրական կոպերատիվին թույլատրվեց գնել ՀՀ մշակույթի, երիտասարդության և սպորտի նախարարությունից վարձակալած գույքը:
2021 թվականի փետրվարի 25-ին տեղի էր ունեցել ավտովթար, որի հետևանքով վնասվել էր կինոթատրոնի սյունը: Այժմ ընթանում են վերականգնման աշխատանքները: