Variety-ի փոխանցմամբ՝ Վուդի Ալենի «Անձրևոտ օր Նյու Յորքում» ֆիլմը իտալական վարձույթ դուրս կգա արդեն հոկտեմբերի 3-ին։ Ընդ որում, լուրեր են պտտվում, որ պրեմիերան կկայանա սեպտեմբերին կայանալիք Վենետիկի կինոփառատոնի շրջանակում:
Ֆիլմում մասնակցում են Թիմոթի Շալամեն («Կոչիր ինձ քո անունով»), էլ Ֆանինգը («Նեոնային դեւը»), Սելենա Գոմեսը եւ Ջուդ Լոուն: Ֆիլմում պատմվում է երիտասարդ զույգի մասին, ով Նյու Յորք է գալիս հանգստյան օրերին։ Բացի այդ, հնարավոր է, որ Ջուդ Լոուի հերոսը սիրավեպ ունենա էլ Ֆանինգի հերոսուհու հետ:
«Անձրևոտ օր Նյու Յորքում» ավարտվել էր դեռեւս 2017 թվականին։ Սակայն #MeToo շարժման ալիքի ժամանակ ռեժիսորին հիշեցրել են սեռական բռնության մեջ մեղադրանքների մասին, որոնք առաջ էր քաշում նրա խորթ դուստրը՝ Դիլան Ֆերոուն 2014 թվականին։ Արդյունքում Amazon-ը խզել է ռեժիսորի հետ պայմանագիրը չորս ֆիլմերի, այդ թվում՝ «Անձրեւոտ օրվա» համար, եւ Ալենին թույլ է տվել ֆիլմի տնօրինումն իր հայեցողությամբ: Ի պատասխան՝ ռեժիսորը հայց է ներկայացրել ընկերության դեմ։ Սկանդալից հետո Թիմոթի Շալամեն եւ Սելենա Գոմեսը հոնորարներ են նվիրաբերել Time’s Up շարժման եւ սեռական ոտնձգությունների դեմ պայքարի նմանատիպ կազմակերպությունների օգտին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ամերիկյան հրատարակչությունները հրաժարվել են հրապարակել 83-ամյա ռեժիսորի հուշագրությունները հենց բորբոքված սեռական սկանդալների պատճառով: Մինչ մանկապղծության մեջ մեղադրվելը Ալենը առնվազն վեցանիշ հոնորար կստանար հրապարակման համար։