Շատերի կողմից ակնկալվող եւ, միեւնույն է, սենսացիոն որոշումն այսօր ընդունել է Ամերիկյան կինոակադեմիան: «Օսկարի» 93-րդ մրցանակաբաշխությունը հետաձգվում է երկու ամսով և փետրվարի 28-ի փոխարեն կկայանա ապրիլի 25-ին: Միջոցառման ձևաչափն առայժմ որոշված չէ։ Ամեն ինչ կախված կլինի կորոնավիրուսի հետ կապված իրավիճակից:
Ապրիլի 25-ը կդառնա օսկարյան արարողության ամենաուշը 1953 թվականին հեռուստատեսային դարաշրջանի սկսվելուց ի վեր: Մինչ այդ 1966 թվականի ապրիլի 18-ին «Օսկար»-ը շնորհվել էր «Երաժշտության հնչյունները» մյուզիքլին: Կինոակադեմիայի նոր թանգարանի բացումը դեկտեմբերի 14-ից տեղափոխվում է ապրիլի 30-ը: Հանդիսավոր բացման գալա արարողությունը տեղի կունենա ապրիլի 17-ին:
Փոխվում են նաև խաղի կանոնները: «Օսկարին» կարող են հավակնել 2020թ. հունվարի 1-ից մինչեւ 2021թ. փետրվարի 28-ը ԱՄՆ-ում թողարկված ֆիլմերը: Բանն այն է, որ կորոնավիրուսի համաճարակը ստիպել է դադարեցնել բազմաթիվ նկարների վրա աշխատանքը եւ փոխել ժամկետները: Տեղի ունեցած ֆորս-մաժորը դժվար էր հաշվի չառնել: Հետագայում Ամերիկյան կինոակադեմիան կփորձի վերադառնալ նորմալ օրացուցային տարվան:
Նոր ժամանակացույցի համաձայն՝ «Օսկար»-ի շորթ-լիսթի մասնակիցները կհայտարարվեն փետրվարի 9-ին, իսկ կինոյի աշխարհում ամենահեղինակավոր մրցանակի անվանակարգորդներին մենք կիմանանք մարտի 15-ին: Հարցն այժմ այն է, թե ինչպես կվարվեն այլ կինոմրցանակների եւ հեղինակավոր փառատոնների կազմկոմիտեները: Մեծ հավանականությամբ նրանք ստիպված կլինեն հարմարվել Օսկարի արարողության նոր օրվան: Ի վերջո, կինոարդյունաբերությունը սեպտեմբերից մինչեւ ապրիլ ութամսյա մրցաշրջանին հաստատ պատրաստ չէ: