Սան Դիեգոյում ամռան կեսին ամեն տարի անցկացվող Comic-Con հանրահայտ մշակույթի՝ աշխարհում ամենահանրաճանաչ փառատոնը չեղյալ է հայտարարվել, հաղորդում է Independent.co.uk: Հուլիսի 23-ից 26-ը նախատեսված միջոցառումը հետաձգվել է մեկ տարով և այժմ կանցնի 2021 թվականի հուլիսի 22-25-ը:
Կազմակերպիչները մինչեւ վերջին պահը հույս ունեին, որ կորոնավիրուսի պանդեմիան ամռանը կնվազի և զանգվածային միջոցառման անցկացումը, այնուամենայնիվ, հնարավոր կլինի, սակայն առայժմ լավատեսական կանխատեսումները չեն արդարացվում: Խնդիրն այն է, որ այցելուների մի մասը նախապես պլանավորում է ուղեւորությունը դեպի փառատոն, և միեւնույն ժամանակ, շատ պատվիրակների եւ ցուցադրողների համար այն միջոցառմանը մասնակցելու հնարավորությունը հասույթի լուրջ աղբյուր է: Այդ պատճառով միջոցառման չեղարկման որոշումը Comic-Con-ի կազմակերպիչները կայացրել են միայն հիմա: Մասնակցության համար արդեն վճարած հանդիսատեսը կարող է գումար վերադարձնել կամ հաջորդ տարի մասնակցել:
San Diego Comic-Con International-ը ամեն տարի գրավում է ավելի քան 135 հազար մասնակից: Զանգվածային միջոցառումը զգալի եկամուտ է ապահովում Սան Դիեգոյի ռեստորաններին եւ հյուրանոցներին, ինչպես նաեւ առանցքային հարթակներից մեկն է, որի միջոցով առաջ են շարժվում հոլիվուդյան բլոքբաստերները եւ սերիալները: Փորձագետների գնահատականներով՝ ամեն տարի Comic-Con-ը տեղական տնտեսությանը բերում է ավելի քան 147 մլն դոլար: