Կյանքից հեռացել է հայ կինոյի և թատրոնի արտիստ, ռեժիսոր, Հայաստանի կինոգործիչների և թատերական գործիչների միության անդամ, Հայաստանի ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը։
Գուժ Մանուկյանը ծնվել էր 1937 թվականին Լենինականում, գրող, արձակագիր, դրամատուրգ և թատերագետ Ալեքսանդր Մանուկյան-Արաքսմանյանի ընտանիքում, որի արմատները Վանից էին և հաստատվել էին Գյումրիում։ Գյումրիում էլ անցել է նրա մանկությունը, որտեղ նա եղբոր՝ Էմանուելի հետ մեծացել է գյումրեցի Իզաբելլա տատիկի հոգատարությամբ, քանի որ ծնողները նվիրված էին թատերական կյանքին։ Ավարտելով Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը՝ Գուժ Մանուկյանը դարձավ հայ բեմի և կինոյի լավագույն ներկայացուցիչներից մեկը, ստեղծելով հիշարժան կերպարներ, որոնք մշտապես կմնան հանդիսատեսի հիշողության մեջ։
Նրա դերասանական վարպետությունն արտացոլվել է թե՛ թատրոնում, թե՛ կինոյում, որտեղ նա հանդես է եկել այնպիսի հայտնի ֆիլմերում, ինչպիսիք են «Կյանքի լավագույն կեսը» (1979), «Մահկանացուդ կնքիր թամբին» (1979), «Հին օրերի երգը» (1982), «Ո՞ւր ես գնում, զինվոր» (1985), ինչպես նաև մի շարք այլ սիրելի կինոնկարներում, որոնք դարձել են հայկական կինոարվեստի անբաժանելի մասն ու արտացոլել են ժամանակի շունչն ու զգացմունքները։ Իր դերակատարումներով նա բարձրացրեց հայկական թատրոնի և կինոյի հեղինակությունը և դարձավ մեր մշակութային կյանքի ամենավառ դեմքերից մեկը։
Գուժ Մանուկյանի մահը խոր վիշտ է բոլոր նրանց համար, ովքեր գնահատում են նրա ստեղծագործական ժառանգությունը, նրա յուրահատուկ արվեստն ու նվիրվածությունը բեմին ու էկրանին։ Ցավակցում ենք Գուժ Մանուկյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, գործընկերներին ու երկրպագուներին։ Նրա կորուստն անփոխարինելի է, բայց նրա թողած արվեստը հավերժ կապրի մեր սրտերում ու հիշողություններում։









































