2026 թվականի հունիսի 25–29-ը Երևանի քաղաքապետարանի գլխավոր հովանավորության և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Երևանում և Գյումրիում կկայանա Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնը: Փառատոնը կազմակերպվում է «Արմ Ֆիլմ Ինդուստրի Դևելոպմենտ» մշակութային հիմնադրամի նախաձեռնությամբ և, ըստ կազմակերպիչների, նպատակ ունի բացահայտել երիտասարդ կինոռեժիսորների ներուժը, աջակցել նրանց մասնագիտական զարգացմանը և խթանել տարբեր երկրների երիտասարդ կինեմատոգրաֆիստների միջև ստեղծագործական ու գործընկերային կապերը։
Փառատոնի ծրագրային կառուցվածքի հիմքում այս տարի ևս երկու հիմնական մրցութային ուղղություններն են՝ միջազգային և ազգային ընտրանիները։ Բացի կինոցուցադրություններից, նախատեսված են նաև վարպետության դասեր, ստեղծագործական հանդիպումներ, դիտում-քննարկումներ, շնորհանդեսներ և մասնագիտական այլ ձևաչափեր։
Միջազգային մրցույթում ընդգրկվել է 24 ֆիլմ՝ 22 երկրներից և համարտադրական ձևաչափերից։ Ծրագիրն ընդգրկում է Լյուքսեմբուրգի, Իրանի, Նոր Զելանդիայի, Բելգիայի, Ֆրանսիայի, Հունաստանի, Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի, Ղազախստանի, Նիդերլանդների, Լեհաստանի, Լիբանանի, Հարավային Աֆրիկայի, Հունգարիայի, Հորդանանի, Պաղեստինի, Իտալիայի, Շվեյցարիայի, Չինաստանի, Կանադայի, Ռումինիայի և Կաբո Վերդեի ներկայացուցիչների աշխատանքներ։ Այս ընդգրկվածությունը ծրագրին տալիս է ոչ միայն լայն աշխարհագրություն, այլև տարբեր կինոլեզուների և թեմատիկ ուղղությունների խտացված համադրություն։
Ավելին, միջազգային ընտրանու մի շարք ֆիլմեր արդեն ունեցել են նկատելի փառատոնային ընթացք՝ ծրագրում ընդգրկված առանձին աշխատանքներ կապված են Կաննի, Վենետիկի, Բեռլինի, Լոկառնոյի, Սանդենսի, Clermont-Ferrand-ի, Սան Սեբաստիանի, Ռոտերդամի և Tallinn Black Nights Film Festival-ի PÖFF Shorts ծրագրի հետ։ Դա միջազգային բաժնին տալիս է հավելյալ կշիռ և հուշում, որ ընտրանին կազմվել է ոչ միայն բաց աշխարհագրական ներկայացվածության, այլև ընթացիկ փառատոնային շրջանառության տրամաբանությամբ։
Այս համատեքստում առանձնանում են, մասնավորապես, «Տեսարան» / The Spectacle և «Անգղներ» / Vultures ֆիլմերը, որոնք նշված են Կաննի կինոփառատոնի հետ,«Կոյոտներ» / Coyotes-ը՝ Վենետիկի, «Ոչխարներ» / Sheep-ը՝ Բեռլինի, «Ձայնային պատնեշ» / Le Mur Du Son-ը՝ Լոկառնոյի, «Վերնագիր հորինի՛ր» / Dream Up The Title-ը՝ Ռոտերդամի, իսկ«Կեղծ զարդեր» / Faux Bijoux, «Գունատ արև» / Pale Sun, «Երիտասարդ եղջերուի մահը» / dying of the young deer և«Երբ վագրը մռնչում է» / When The Tiger Roars ֆիլմերը՝ այլ հեղինակավոր միջազգային հարթակների մասնակցությամբ։
Միջազգային մրցույթը այս տարի առաջին անգամ ներառում է նաև ֆիլմեր, որոնք ստեղծվել են արհեստական բանականության օգնությամբ:
Ազգային մրցույթում ընդգրկվել է 15 ֆիլմ։ Ազգային բաժնի ձևավորումը թույլ է տալիս փառատոնը դիտել ոչ միայն որպես միջազգային հարթակ, այլև որպես ժամանակակից հայկական կարճամետրաժ կինոյի ընթացիկ քարտեզագրման տեղ։ Այստեղ հավաքված են վերջին շրջանի տարբեր թեմատիկ և գեղարվեստական մոտեցումներ ներկայացնող հեղինակներ՝ անձնական պատմություններից մինչև պատերազմի, տեղահանության, ընտանեկան հարաբերությունների և հիշողության հետ կապված մոտիվներ։
«ԿինոՊրես»-ը փառատոնի պաշտոնական տեղեկատվական գործընկերն է և կլուսաբանի փառատոնի ընթացքը, ծրագրերն ու մասնագիտական միջոցառումները։
Մրցութային ծրագրերը
Միջազգային մրցույթ
«Մայիսի վերջին կիրակի» / The Last Sunday in May, ռեժ. Ալեխանդրո Բորդիե, (Լյուքսեմբուրգ)
«Մշուշը վերացել է» / Haze Over, ռեժ. Սեյեդ Ալի Ղասեմի, (Իրան)
«Երբ սագերը թռչեցին» / When the Geese Flew, ռեժ. Արթուր Գեյ, (Նոր Զելանդիա)
«Իկարոս» / Icarus, ռեժ. Քրիստոս Կարդանա, (Բելգիա, Ֆրանսիա, Հունաստան, Մեծ Բրիտանիա)
«Վազի՜ր, գետ» / Run River!, ռեժ. Անաստասիա Օստապենկո, (Ռուսաստան)
«Բարլեբաս» / Barlebas, ռեժ. Մալու Յանսեն, (Բելգիա, Նիդերլանդներ)
«Վերնագիր հորինի՛ր» / Dream Up The Title, ռեժ. Կլաուդիա Ֆորտունիակ, (Լեհաստան)
«Ձմեռային տեսիլք» / A Winter Mirage, ռեժ. Վան Գուոջու, (Մեծ Բրիտանիա)
«Կեղծ զարդեր» / Faux Bijoux, ռեժ. Ջեսի Մուսալեմ, (Ֆրանսիա, Լիբանան)
«Գունատ արև» / Pale Sun, ռեժ. Ադրիան Մոյս Դալլին, Ջավահին Զենտար, (Ֆրանսիա)
«Անգղներ» / Vultures, ռեժ. Դիան Ուեյս, (Ֆրանսիա, Հարավային Աֆրիկա)
«Տեսարան» / The Spectacle, ռեժ. Բալինտ Քենյերես, (Ֆրանսիա, Հունգարիա)
«Կոյոտներ» / Coyotes, ռեժ. Սաիդ Զաղա, (Ֆրանսիա, Հորդանան, Պաղեստին, Մեծ Բրիտանիա)
«Ոչխարներ» / Sheep, ռեժ. Հադի Բաբաեյֆար, (Իրան)
«Ձայնային պատնեշ» / Le Mur Du Son, ռեժ. Անտոնիո Լա Կամերա, (Իտալիա, Շվեյցարիա)
«Երիտասարդ եղջերուի մահը» / dying of the young deer, ռեժ. Անժելիկա Սիգալ, (Լեհաստան)
«Սիրելի մարդ» / Lovable, ռեժ. Արտաշես Անդրեասյան, Եվգենյա Ռազգուլյաևա, (Ռուսաստան)
«Երբ վագրը մռնչում է» / When The Tiger Roars, ռեժ. Լամ Ցան-Չժաո, (Չինաստան)
«ՖԱՆԱ՝ Վերադարձ մեկ վայրկյանից» / FANA: Back in a Sec, ռեժ. Ռիտա Ռահիմի, (Կանադա)
«Աղմուկ» / Noise, ռեժ. Յու Ձիպին, (Չինաստան)
11:11, ռեժ. Նիկիտա Մարկ, Սերգեյ Ռոմանովիչ, (Ռուսաստան)
«Մտրակողը» / Khlyst, ռեժ. Ռաֆալ Կիյաս, (Լեհաստան)
«Սև տունը» / The Black House, ռեժ. Դումիտրու Գրոսեյ, (Ռումինիա)
«Հեռացում» / Removal, ռեժ. Հալա Ալ-Դաաս, (Կաբո Վերդե)
Ազգային մրցույթ
«Ցտեսություն, երեկ», ռեժ. Սաթենիկ Ջավրշյան, (Հայաստան)
«Մայրենիք», ռեժ. Գոռ Առուշանյան, (Լեհաստան)
«Աղ», ռեժ. Տաթև Ասատրյան, (Հայաստան)
«Դու ինձ դեռ սիրում ես, այդպես չէ՞, հայրի՜կ», ռեժ. Մարինա Սոլոյան, (Հայաստան)
«Տեղահանում», ռեժ. Երվանդ Ռումյան, (Հայաստան)
«18-րդ գարուն», ռեժ. Մենուա Հովհաննիսյան, (Հայաստան)
«Լամուի արձագանքները», ռեժ. Արշակ Խաչատրյան, (Հայաստան)
«Կյանքը շարունակվում է», ռեժ. Մերի Վարդանյան, (Հայաստան)
«Ռոբինզո՞ն», ռեժ. Մարիաննա Մովսեսյան, (Հայաստան)
«50 օր», ռեժ. Ելիզավետա Այվազյան, (Հայաստան)
«Դորայի դեղին կոշիկները», ռեժ. Գոհար Սարգսյան, (Հայաստան)
«Ամենագեղեցիկը», ռեժ. Աշոտ Ժամկոչյան, (Հայաստան)
«Ջութակը», ռեժ. Եվա Սուքիասյան, (Հայաստան)
«Ռևերի», ռեժ. Սամվել Թադևոսյան, (Հայաստան)
«Պապայա», ռեժ. Հրաչ Սիմոնյան, (Հայաստան)
Այս տարվա հայտարարված ծրագրից արդեն պարզ է դառնում, որ Երևանի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային կինոփառատոնը փորձում է միավորել երկու կարևոր ուղղություն՝ համաշխարհային փառատոնային շրջանառության մեջ գտնվող հեղինակային կարճամետրաժը և հայկական նոր կինոյի համախմբված ներկայությունը։ Այդ համադրությամբ փառատոնը ներկայանում է միաժամանակ և՛ որպես երիտասարդ հեղինակների առաջմղման հարթակ, և՛ որպես տեղական ու միջազգային կարճամետրաժ դաշտերի հանդիպման կետ։







































