Կինոյի միջազգային օրվա նախաշեմին Երևանի քաղաքապետարանը հայտարարել է մայրաքաղաքի կարևոր մշակութային տարածքներից մեկի՝ «Կինո Մոսկվա»-ի ամառային դահլիճի վերականգնման մասին։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ ամառային դահլիճը կվերականգնվի՝ պահպանելով դրա նախնական գաղափարական և ճարտարապետական տրամաբանությունը։ Քաղաքապետի խոսքով՝ տարիներ շարունակ փակ և անմխիթար վիճակում գտնվող այս տարածքը կարևոր տեղ է զբաղեցնում երևանցիների հիշողություններում, կինոյի մշակույթում և քաղաքային ամառային կյանքի պատմության մեջ։
«Մոսկվա» կինոթատրոնի տարածքում կվերացվեն Թումանյան փողոցի հատվածում առկա ժամանակավոր շինությունները, որոնք խաթարում են հուշարձանի ամբողջական ընկալումը։ Վերականգնման նախագիծը մշակվել է վերջին երեք տարիների ընթացքում և կիրականացվի ճարտարապետ Աղասի Կնտեղցյանի կողմից՝ հիմնված նախնական գաղափարի պահպանման, միաժամանակ՝ ժամանակակից պահանջներին համապատասխանեցման սկզբունքի վրա։
Վիզուալիզացիայի և վերաիմաստավորման նախագիծը մշակել է Seven Views գործակալությունը, որը հրապարակվել է 2023 թվականին։
Նախատեսվում է, որ 2026 թվականից կմեկնարկեն աշխատանքային գծագրերի մշակման փուլը, իսկ ամառային դահլիճը ոչ միայն կվերականգնվի, այլև կարդիականացվի՝ առանց ճարտարապետական կերպարի խաթարման։
Տիգրան Ավինյանը շնորհակալություն է հայտնել «Կինոմոսկվա»-ի տնօրինությանը, ճարտարապետներին և բոլոր գործընկերներին՝ նախագծի համաձայնեցման և իրականացման գործընթացում ներդրում ունենալու համար՝ ընդգծելով, որ նախաձեռնությունը կարևոր քայլ է Երևանի մշակութային կյանքի ակտիվացման ուղղությամբ։























































