Երևանի դատարանը որոշել է, որ «Անկախության մեր ճանապարհը» վավերագրական ֆիլմի օգտագործման իրավունքը պատկանում է Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը՝ սահմանափակելով ռեժիսոր Տիգրան Պասկևիչյանի կողմից ֆիլմի հետագա ցուցադրությունները:
Վեճը ծագել է «Անկախության մեր ճանապարհը» վավերագրական ֆիլմի օգտագործման շուրջ։ Ֆիլմը ստեղծվել է Հայաստանի անկախության հռչակագրի 30-ամյակին և փոխանցվել է Հանրային հեռուստաընկերությանը՝ համապատասխան պայմանավորվածությունների հիման վրա։
Փաստաթղթերից հետևում է, որ ֆիլմի ստեղծումից հետո դրա օգտագործման հիմնական բացառիկ իրավունքները փոխանցվել են հեռուստաընկերությանը, որը նաև ֆինանսավորել է նախագիծը։
Ֆիլմը ստեղծվել է հանրային միջոցներով ֆինանսավորված նախագծի շրջանակում, ինչը լրացուցիչ կարևորություն է տալիս դրա օգտագործման վերահսկմանը։
Գործը վերաբերում է ոչ միայն կոնկրետ ֆիլմին, այլև ընդհանուր առմամբ ստեղծագործությունների օգտագործման կարգին, երբ դրանց իրավունքները փոխանցվում են այլ կառույցների։
Պայմանագիրը ստորագրելիս համոզված էի, որ Հանրային հեռուստաընկերությունը սփռելու է այն եթերում և տեղադրելու է YouTube ալիքում: YouTube-ում տեղադրելն այլևս կարիք և պատճառ չէր թողնում ֆիլմն այլ կերպ օգտագործելու: Եթե, օրինակ հրավիրեին հանդիպման, ես ոչ թե ինձ հետ կտանեի ֆիլմի վիդեո ֆայլը, այլ հանդիպման սրահում հենց Հանրայինի Յութուբից կմիացնեի այն: Այս դեպքում, կարծում եմ, հարց չէր առաջանա, թե ինչու եմ այս կամ այն հանդիպման ընթացքում օգտագործում Հանրային հեռուստաընկերության գույք հանդիսացող ֆիլմը: — Տիգրան Պասկևիչյան
Ավելի ուշ ֆիլմը մի քանի անգամ ցուցադրվել է տարբեր հարթակներում՝ հանդիպումների և միջոցառումների ընթացքում։ Այս ցուցադրությունները կազմակերպվել են ռեժիսորի կողմից՝ առանց լրացուցիչ համաձայնեցման, ինչն էլ դարձել է հակասության պատճառ։
Հեռուստաընկերությունը պնդել է, որ նման ցուցադրությունները խախտում են իր՝ որպես ֆիլմի օգտագործման իրավունք ունեցող կողմի լիազորությունները, քանի որ ֆիլմը չի հրապարակվել լայն հասանելիությամբ և դրա տարածումը պետք է իրականացվի միայն իր որոշմամբ ։
Դատական ընթացքը
Գործընթացը սկսվել է 2025 թվականի հուլիսին։ Սկզբնական փուլում ներկայացված դիմումը վերադարձվել է տեխնիկական թերությունների պատճառով, ապա կրկին ներկայացվել և ընդունվել է վարույթ։
Հետագա ամիսներին տեղի են ունեցել նախնական նիստեր և քննարկումներ, որոնց ընթացքում ուսումնասիրվել են պայմանագրերը, հաղորդագրությունները և ցուցադրությունների հանգամանքները։
2026 թվականի մարտին գործը հասել է ավարտական փուլին, և մարտի 27-ին հրապարակվել է վերջնական որոշումը։
Վճռի բովանդակությունը
Դատարանը հաստատել է, որ ֆիլմի օգտագործման իրավունքը պատկանում է Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը։
Հանրային հեոուստաընկերությունը ունեցել է ֆիլմը ցուցադրելու տասնյակ առիթներ, բայց չի սփռել և չի տեղադրել իր YouTube ալիքում — Տիգրան Պասկևիչյան
Միաժամանակ սահմանվել է, որ Տիգրան Պասկևիչյանը չի կարող առանց համապատասխան համաձայնության կազմակերպել ֆիլմի ցուցադրություններ կամ այն տարածել որևէ ձևով։
Դատարանի վճից երևում է, որ ֆիլմը լայն հանրությանը հասանելի չի եղել, ինչը ևս ազդել է դրա օգտագործման շուրջ առաջացած իրավիճակի վրա:






































