ԿԳՄՍ նախարարությունը հայտնել է, որ կինոնախագծի ստեղծագործական բովանդակության նկատմամբ պետական մարմնի գնահատականը կամ նախընտրությունը չի կարող ինքնուրույն հիմք հանդիսանալ պետական ֆինանսավորման մերժման, նվազեցման կամ դադարեցման համար։ «ԿինոՊրես»-ի հարցման պաշտոնական պատասխանը ստորագրել է նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանը, որի նախորդ հրապարակային հայտարարությունները դարձել էին խմբագրության հարցերի առիթը։
Վիրաբյանը հրապարակային հարցազրույցում կինոարտադրության պետական ֆինանսավորումը բնութագրել էր որպես պետության «սիմվոլիկ մասնակցություն»՝ օրինակ բերելով 300–400 մլն դրամ արժողությամբ ֆիլմին շուրջ 30 մլն դրամ պետական մասնակցությունը։ Նույն հարցազրույցում նա անդրադարձել էր պետության աջակցությամբ այնպիսի ֆիլմերի ստեղծմանը, որոնք, պետական մարմնի գնահատմամբ, կարող են վնասել Հայաստանի հեղինակությանը։
«Ֆինանսավորման մերժումը, նվազեցումը կամ դադարեցումը կարող է հիմնավորվել միայն համապատասխան իրավական հիմքով և սահմանված ընթացակարգով, այլ ոչ թե ստեղծագործական բովանդակության նկատմամբ պետական մարմնի գնահատականով կամ նախընտրությամբ»,— նշված է Վիրաբյանի ստորագրած պատասխանում։
Խմբագրությունը նախարարությունից հարցրել էր՝ կարո՞ղ է արդյոք Հայաստանի կամ պետական մարմինների բացասական ներկայացումը դիտարկվել որպես ֆիլմին աջակցությունը մերժելու չափանիշ, և եթե այո՝ որ իրավական նորմով։ Նախարարությունը նման առանձին նորմ չի նշել։
Գերատեսչության պարզաբանմամբ՝ նախագծերի գնահատումը կատարվում է նախապես սահմանված մասնագիտական, գեղագիտական-գեղարվեստական և գործառնական չափանիշներով։ Պետական մասնակցությունն անկախ դրա չափից ենթադրում է ֆինանսական միջոցների օգտագործման և պայմանագրային պարտավորությունների վերահսկողություն, սակայն այդ վերահսկողությունը վերաբերում է իրավական, ֆինանսական և ընթացակարգային հարցերին։
«Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքը երաշխավորում է ազատ ստեղծագործելու և ինքնարտահայտվելու հնարավորությունը և արգելում գրաքննությունը, այդ թվում՝ պետական աջակցության մեխանիզմների միջոցով։















