«Սառցե դարաշրջան» (Ice Age) անիմացիոն ֆիլմաշարի վեցերորդ մասում Մեննին, Սիդը, Դիեգոն, Էլլին և Բաքը վերադառնում են Կորուսյալ աշխարհ, որտեղ նրանց սպասում են դինոզավրեր, հրաբուխներ և նոր վտանգներ։ Թրեյլերի համաձայն՝ հերոսները պետք է փրկեն դինոզավրի ձուն և այն հասցնեն անվտանգ բնադրման վայր՝ կանխելով Կորուսյալ աշխարհին սպառնացող աղետը։
«Ես նույնիսկ Ա պլան չունեի», — թրեյլերում խոստովանում է Բաքը, երբ Մեննին հետաքրքրվում է, թե արդյոք նրանք ունեն պահեստային ծրագիր։
Նոր ֆիլմում կվերադառնա նաև կաղիններով տարված Սքրատը, որին կմիանան փոքրիկ Սքրատն ու հսկայական Յուրայական Սքրատը։
Disney-ը ներկայացրել է նաև կրկնօրինակող դերասանների ընդլայնված կազմը։ Ռեյ Ռոմանոն կրկին կհնչյունավորի Մեննիին, Ջոն Լեգուիզամոն՝ Սիդին, Դենիս Լիրին՝ Դիեգոյին, Քուին Լաթիֆան՝ Էլլիին, իսկ Սայմոն Փեգը՝ Բաքին։ Դերասանական կազմին միացել են Էշլի Փարքը, Ջոշ Փեքը, Վինսենթ Թոնգը, Ադամ Դիվայնը և Կոկո Ջոնսը։ Սքրատին կրկին կհնչյունավորի կերպարի ստեղծող Քրիս Ուեջը։

Ֆիլմի ռեժիսորն է Ջոն Ս. Դոնքինը, որը նախկինում նկարահանել է «Սառցե դարաշրջան. Բաք Ուայլդի արկածները» (2022) անիմացիոն ֆիլմը։ Պրոդյուսերը Լորի Ֆորտեն է, որը մասնակցել է նաև ֆիլմաշարի նախորդ մասերի ստեղծմանը։
«Սառցե դարաշրջան» ֆիլմաշարը մեկնարկել է 2002 թվականին։ Հիմնական շարքի հինգերորդ՝ «Սառցե դարաշրջան. Բախումն անխուսափելի է» (Ice Age: Collision Course) ֆիլմը թողարկվել է 2016 թվականին։ Նոր մասը կլինի առաջինը, որը Disney-ի կողմից կինոթատրոններում կթողարկվի 2019 թվականին 21st Century Fox-ի կինոակտիվների ձեռքբերումից հետո։
«Սառցե դարաշրջան. Եռման կետ» (Ice Age: Boiling Point) ֆիլմի կինովարձույթի մեկնարկը նախատեսված է 2027 թվականի փետրվարի 4-ին։















