Նոյեմբերի 19-ին Եվրախորհրդարանի մշակույթի և կրթության (CULT), ինչպես նաև քաղաքացիական ազատությունների, արդարադատության և ներքին գործերի (LIBE) հանձնաժողովները հաստատել են AgoraEU ծրագրի վերաբերյալ իրենց բանակցային դիրքորոշումը։ 2028–2034 թվականների համար նախատեսվող ծրագրի ընդհանուր բյուջեն առաջարկվում է սահմանել 10,72 մլրդ եվրո, որի 25%-ը կհատկացվի MEDIA ուղղությանը՝ կինոյի, աուդիովիզուալ արտադրության և տեսախաղերի ոլորտներին աջակցելու նպատակով։
AgoraEU-ն 2028 թվականից պետք է փոխարինի գործող Creative Europe ծրագրին՝ միավորելով մշակույթի, մեդիայի և քաղաքացիական հասարակության աջակցության մի շարք ուղղություններ։ Եվրահանձնաժողովի նախնական առաջարկով ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում էր 8,58 մլրդ եվրո, մինչդեռ խորհրդարանական հանձնաժողովներն առաջարկում են այն ավելացնել շուրջ 25%-ով։
«Մեզ համար, ովքեր աշխատում են եվրոպական ֆիլմերի ստեղծման և դրանք եվրոպացի հանդիսատեսին հասցնելու ուղղությամբ, սա դրական արդյունք է», — նշվում է նոյեմբերի 19-ին հրապարակված՝ եվրոպական կինոոլորտի յոթ կազմակերպությունների համատեղ հայտարարության մեջ։
Հայտարարությունը ստորագրած կազմակերպությունները ողջունել են MEDIA-ի՝ որպես ինքնուրույն ֆինանսավորման ուղղության պահպանումը։ Նրանց գնահատմամբ՝ այդ որոշումը կապահովի եվրոպական կինոարտադրության աջակցության շարունակականությունն ու կանխատեսելիությունը։
Հանձնաժողովների ընդունած փաստաթղթով նախատեսվում է պահպանել եվրոպական ֆիլմերի միջազգային շրջանառության, այլ երկրներում կինոթատերական ցուցադրության և առցանց տարածման աջակցությունը։ Ծրագրի առաջնահերթություններից են նաև ֆիլմերի ձեռքբերման, կրկնօրինակման, ենթագրավորման, առաջխաղացման, մասնագիտական վերապատրաստման, կինոշուկաների և փառատոների աջակցությունը։
Համատեղ հայտարարությանը միացել են Europa Distribution, Europa International, FIAD, FERA, FSE, UNIC և Audiovisual Training Coalition կազմակերպությունները, որոնք ներկայացնում են եվրոպական կինոարտադրության, դիստրիբյուցիայի, սցենարիստների, ռեժիսորների և կինոթատրոնների շահերը։
Առաջարկվում է նաև ստեղծել AgoraEU Dialogue Platform խորհրդակցական հարթակը, որը հնարավորություն կտա եվրոպական հաստատություններին և ոլորտային կազմակերպություններին մասնակցել ծրագրի իրականացման վերաբերյալ քննարկումներին։
Փաստաթուղթը պետք է անցնի Եվրախորհրդարանի հետագա ընթացակարգերը, իսկ ֆինանսավորման վերջնական չափը կորոշվի Եվրամիության հաստատությունների միջև բանակցությունների արդյունքում։
Ներկայում գործող Creative Europe ծրագրի MEDIA ուղղության 2021–2027 թվականների ֆինանսավորումը կազմում է շուրջ 1,43 մլրդ եվրո։
Հայաստանը գործող Creative Europe ծրագրին մասնակցում է CULTURE ուղղությամբ և սահմանափակ մասնակցություն ունի միջոլորտային ուղղությանը, սակայն ընդգրկված չէ MEDIA-ում։ 2028 թվականից նախատեսվող AgoraEU ծրագրին Հայաստանի մասնակցության պայմանները դեռևս որոշված չեն։















