Կաննի 78-րդ միջազգային կինոփառատոնի La Cinef պաշտոնական մրցութային ծրագրում Հայաստանի համատեղ արտադրությամբ ստեղծված «Ձմեռն անվերջ» անիմացիոն ֆիլմը դարձել է մրցանակակիր՝ արժանանալով պատվավոր երրորդ մրցանակին՝ ստանալով Ոսկե արմավենու ճյուղով դիպլոմ և 7,500 եվրո դրամական մրցանակ։ Ֆիլմը Կաննում ներկայացված էր Էստոնիայի արվեստի ակադեմիայի կողմից: Ռեժիսոր Նատալյա Միրզոյանի այս աշխատանքը ընտրվել էր ավելի քան 2400 ներկայացված ուսանողական ֆիլմերից՝ դառնալով ոչ միայն արտիստական հաջողության, այլև պատմական ձեռքբերման վկայություն հայկական անիմացիայի համար։
Ֆիլմը համաշխարհային պրեմիերան նշեց Կաննում և դարձավ Հայաստանի համատեղ արտադրության առաջին անիմացիոն ֆիլմը, որն արժանանում է նման բարձր գնահատականի La Cinef հեղինակավոր ծրագրում։ Այն հիմնված է իրական պատմության վրա և ներկայացնում է ռուս-ուկրաինական պատերազմի առաջին օրերի ազդեցությունը Սանկտ Պետերբուրգում ապրող ընտանիքի վրա՝ ցույց տալով ներսից պառակտված հասարակության ցավն ու մարդու ներսում տեղի ունեցող փոփոխությունները։
«Ձմեռն անվերջ» ֆիլմը ստեղծվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայաստանի ազգային կինոկենտրոն (ներկայիս Հայաստանի կինոյի հիմնադրամի) պետական ֆինանսական աջակցությամբ։ Նախագծի պրոդյուսերներն են Արմինե Հարությունյանը (Հայաստան), Rebel Frame ստուդիան, Էստոնիայի արվեստի ակադեմիան (Էստոնիա), ինչպես նաև ֆրանսիական Black Boat Pictures և բելգիական White Boat Pictures ընկերությունները։ Նախագիծը սկիզբ էր առել Հայաստանում անցկացվող «ՌեԱնիմանիա» փառատոնի շրջանակում, որտեղ էլ արժանացել է իր առաջին մրցանակին։







































