Պանդեմիկ ճանաչված նոր կորոնավիրուսի համաճարակը հասցրել է ազդել եվրոպական կինոթատրոնների վրա և ժամանակի հարց էր, երբ այն կազդի հայկական կինոթատրոնների վրա:
Ժամեր առաջ «Հայաստան» կինոթատրոնը, որը գտնվում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում և «Նաիրի» կինոթատրոնը, որը գործում է Կենտրոն վարչական շրջանում հայտարարեցին, որ դադարեցնում են իրենց աշխատանքը անորոշ ժամանակով: «Քաջարան» կինոթատրոնը հայտարարում է, որ մարտի 14-ից մեկ շաբաթով դադարեցնում է աշխատանքը։
Հայկական մյուս կինոթատրոնները, որոնք գործում են Երևան, Գյումրի, Կապան քաղաքներում շարունակում են գործել: Որոշ կինոթատրոնների մոտ ֆիլմացանկը կազմված է մինչև մարտի 18-ը:
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարություն էր տարածել, որ հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջոցառումների անհրաժեշտությունը՝ առնվազն մինչև մարտի 23-ը փակ կլինեն նաև ՀՀ ԿԳՄՍ ենթակայությամբ գործող թատերական և համերգային կազմակերպությունները՝ թատրոնները, համերգասրահները, ինչպես նաև թանգարանները և գրադարանները։