«Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» ՓԲԸ-ն ունի նոր տնօրեն: Հոկտեմբերի 10-ից ՓԲԸ-ի տնօրեն է նշանակվել Գառնիկ Վարդանյանը: Վարդանյանը նախկինում հանդիսանում էր Երևան քաղաքի ավագանու՝ «Իմ քայլը» խմբակցության անդամ: Ավագանու վերջին ընտրությունների ժամանակ ընգրկված էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակում՝ 77-րդ համարի տակ:
Վարդանյանը փոխարինել է Դավիթ Կարապետյանին, ով պաշտոնավարում էր 2016 թվականից: Առայժմ անհատ են այս փոփոխության հանգամանքները: Պետռեգիստրում փոփոխություններ դեռ չեն կատարվել: Հատկանշական է, որ սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 10-ը հանրային քննարկման էր հանվել «Պետական գույքի կառավարման 2024-2026 թվականների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որտեղ առաջարկվում էր ՓԲԸ-ն մասնավորեցնել/լուծարել: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կինոստուդիան ընդգրկված է «Ակադեմիական քաղաք» ծրագրի մեջ, որպես պահեստային տարածք (միևնույն ժամանակ դուրս չի բերվել մասնավորեցման ցանկից) կարելի է ենթադրել, որ Կառավարությունը ցանկանում է լուծարել այն:
Հիշեցնենք, որ Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիայի հափշտակության վերաբերյալ դատախազությունը հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ երեք հոդվածներով՝ պաշտոնեական անփութության, գողության՝ պատմական, գեղարվեստական կամ մշակութային առանձնակի արժեք ունեցող առարկա հափշտակության, պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթման, ինչպես նաև շենքերի կամ շինությունների ինքնակամ կառուցման կասեցնելու կամ անձին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելու հոդվածներով: