Մոսկվայի Բոտկինի հիվանդանոցում մահացել է ռեժիսոր Մարլեն Խուցիևը 94 տարեկան հասակում: Այս մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել են Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միությունում:
«Մարլեն Մարտինովիչը մահացել է այսօր Մոսկվայի ժամանակով 07:00-ին Բոտկինի հիվանդանոցում», – ասել է գործակալության զրուցակիցը:
Միությունում հայտնել են, որ հրաժեշտի ամսաթվի և վայրի մասին հայտնի կդառնա ավելի ուշ:
Խուցիևը ծնվել է 1925 թվականին Թիֆլիսում (Թբիլիսի): 1952-ին ավարտել է ՎԳԻԿի ռեժիսորական ֆակուլտետը, աշխատել է Օդեսայի կինոստուդիայում, 1959-ից՝ Գորկու անվան կինոստուդիայում, 1965-ից՝ «Մոսֆիլմ» կինոստուդիայում:
Ռեժիսորի նկարահանած ֆիլմերից են «Գարունը Զարեչնայա փողոցում» (Ֆելիքս Միրոների հետ համատեղ), «Ես քսան տարեկան եմ», «Երկու Ֆյոդորներ» և այլն: